Հ.Գ. Այս հետգրառումը հոդվածի սկզբում եմ գրում քանի որ վերջում գրելը այդքան էլ իմաստ չէր ունենա: Ժամանակը և դեպքերը ավելի արագ են ընթանում քան կալանավայրից իմ կարողությունը փաստաբանիս միջոցով մաս-մաս ուղարկել (իմ երրորդ դասարանի մակարդակի հայերեն գրությունները ուղարկում եմ աղջկաս, ով շատ դժվար գործ է կատարում` շտկելով քերականական և ուղղագրական սխալներ և ընդհանուր առմամբ խնբագրել): Երկու դեպք է տեղի ունեցել ապրիլի 21-ին և 23-ին, որոնք ուղակի կամ անուղակի առնչվում են հոդվածիս հետ: Առաջինը ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված և վնասազերծված հերթական “ահաբեկչական” խմբավորումն է, որը անհասկանալի ձևով կապվում է Սասնա Ծռերի և Ժիրայր Սեֆիլյանի հետ: ԱԱԾ-ի կողմից տրամադրված տեսահոլովակում ենթադրյալ ապագա ահաբեկիչը հարցաքննության ժամանակ հայտնում է, որ նպատակ է ունեցել պայթյուն կատարել Դալմա մոլում: Ի պատասխան քննիչի հարցին, թե ի՞նչ նպատակով, այդ անձը պատասխանում է, որ ուզում էր “օգնել Սասնա Ծռերին”: Ինչպե՞ս օգնել: Ի՞նչ օգնել, ո՞վ է իրենցից խնդրել օգնություն և այլ բազմաթիվ հարցեր են ծագում: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը ևս 1 անգամ փորձում է ահաբեկչություն բառը զոռով կպցնել Սասնա Ծռերին և Ժիրայր Սեֆիլյանին: Հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին որ չի կպնի այս անգամ ևս:
Ուշագրավ է, որ 2016 թվականի հուլիսի 19-ին, ՊՊԾ գնդի գրավումից 2 օր անց, Սիվիլնեթ-ին տված իմ հարցազրույցում բացատրում եմ թե ինչու Սասնա Ծռերի գործուղությունը ահաբեկչություն չէ: Օրինակ եմ բերում թե ինչ կարող է համարվել ահաբեկչություն նշելով որ Դալա մոլում եթե պայթյուն կազմակերպվի, որտեղ անմեղ զոհերը անխուսափելի են, ապա անհերքելի է, որ այդ գործողության նպատակը և հետևանքը ահաբեկելն է:
Երկրորդ դեպքը պատմական թավշյա հեղափոխության մեկնարկն է, որը սկսեց ապրիլի 23-ին: Մեկնարկ է քանի որ իշխանության օլիգարխիայի, կրիմինալի կազմալուծումը և արդար Հայաստանի հաստատումը հեղափոխության ապագա ամիսների և տարիների դժվարին գործը շարունակական է լինելու: Հաշվի առնելով հեղափոխության տրամաբանությունը և նրա առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի, ուղղակի և պարզ հայտարարությունը, որ առաջնակարգ գործերից է լինելու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, ապա առաջին հայացքից կարող է թվալ, որ իմ այս հոդվածը քաղբանտարկյալների վերաբերյալ արդեն կարող է համարվել ժամանակավրեպ կամ ոչ անհրաժեշտ: Սերժ Սարգսյանի հրաժարականի յուֆորյայի ազդեցության տակ ես էլ մի պահ այդպես էի կարծում բայց ժամեր անց “սթափվելուց” հետո ավելի արժեվորեցի “հասարակական դատ”-ի գաղափարը քաղբանտարկյալներին գնահատելու և բնորոշելու համար, քանի որ օդի մեջ դեռ կախված են հետևյալ հարցերը` ո՞վ է քաղբանտարկյալ, ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշվի ում են ազատ արձակելու և ում ոչ: Կարծում եմ, որ այս գնահատման գործընթացը պետք է ինստիտուցիոնալացվի հիմնական “հասարակական դատարան”-ի ստեղծումով, որտեղ տարբեր իրավապաշտպան ներկայացուցիչներ դատավորի դեր կատարելով կորոշեն ովքեր են քաղբանտարկյալ:
Վերջերս քաղբանտարկյալների գոյության, ճանաչման և գնահատման հարցերը հանրային հնչեղության են արժանացել շնորհիվ լրատվական և հասարակական կազմակերպությունների ակտիվությանը, որտեղ իր ուրույն տեղն է գրավում Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը: Սակայն քաղբանտարկյալների հարցի շուրջ փորձում են շփոթություն ստեղծել: Դա կատարվում է որոշ բարի կամեցողների անգիտության պատճառով, բայց ավելի վնասակար է իշխանական և վերպետական կառույցների միտումնավոր և ցինիկ հայտարարություններն, որոնք մնում են անպատասխան:
Այս հոդվածով ցանկանում եմ բացահայտել սխալ, կարծրատիպային և միտումնավոր աղավաղված մոտեցումները քաղբանտարկյալների վերաբերյալ: Ինձ օգնելու են ԵՄ հայաստանյան ներկայացուցիչ` Պյոտր Սվիտալսկու, նոր ընտիր բրիտանացի նախագահ` Արմեն Սարգսյանի և Արդարադատության նախարար` պարոն Դավիդ Հարությունյանի վերջին ամիսներին տված պատասխանները իրեն ուղղված հարցին. Արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Եվ այսպես.
- Քաղբանտարկյալը քաղաքական գնահատական է և ոչ իրավական: Դավիթ Հարությունյանը մարտի 22-ին Ազատության հետ իր հարցազրույցում ճշգրտորեն ասում է, որ “…այդ հասկացությունը (քաղբանտարկյալի) շատ հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով” և մեկ ուրիշ տեղ ասում է “…չկա նման իրավական հասկացություն ինչպես քաղբանտարկյալ…”: Բայց այս հայտարարությունը հակասում է պարոն Սվիտալսկու սեպտեմբերի 14-ին Ազատությանը տված հարցազրույցում: Սվիտալսկուն հարցրել են եթե քաղբանտարկյալներ կան Հայաստանում, որին նա պատասխանում է. “Այսպիսի հարցերում մենք հիմվում ենք ՄԻԵԴ-ի դատավճիռների վրա: …Ինչպես գիտեք, Հայաստանում չկա որևէ մեկը ով ՄԻԵԴ-ի կողմից գնահատվել է որպես քաղբանտարկյալ”: Ուշադրություն դարձրեք, որ սկզբում Սվիտալսկին ճիշտ բնորոշում է տալիս, ՄԻԵԴ-ի (ինչպես բոլոր դատարանների) գործառույթը, որը դատավճիռ կայացնելն է: Սակայն հետո հակասում է ինքն իրեն ասելով, որ ՄԻԵԴ-ը չի գնահատել որևէ մեկին Հայաստանում որպես քաղբանտարկյալ: Եվս մեկ բացթողում է անում պարոն Սվիտալսկին մոռանալով ասել որ ՄԻԵԴ-ը ընդհանրապես ոչ մեկին (բոլոր 48 ԵԽ երկրներում) չի գնահատել որպես քաղբանտարկյալ, քանի որ ՄԻԵԴ-ը չունի քաղբանտարկյալ գնահատելու մանդատ: ԵԽ-ն ՄԻԵԴ-ին մանդատ է տվել դատավճիռ կայացնել, իրավական հիմունքների համաձայն, Կոնվեցիայից բխող մարդու իրավունքների և ազատությունների խախտումների հիման վրա: Քաղաքական գնահատական տալ և որոշել թե ով է քաղբանտարկյալ չի մտնում ՄԻԵԴ-ի իրավական գործառույթի մեջ, հետևաբար Դավիթ Հարությունյանը ճիշտ է ասում, երբ ասում է քաղբանտարկյալը իրավական հասկացություն չէ և պարոն Սվիտալսկին սխալ է կարծում, որ ՄԻԵԴ-ը (իրավական կառույց`դատարան) գնահատական է տալիս կամ էլ դատավճիռ կայացնում թե ով է քաղբանտարկյալ:
- Ցանկացած անձ` քաղաքացիական ակտիվիստ կամ քաղաքական գործիչ, ՀԿ, լրատվական և լրագրող, կուսակցություն, բժիշկ և հավաքարար կարող է (ես կասեյի նույնիսկ պարտավոր է որպեսզի համարվի քաղաքացի) գնահատական տալ կամ այլ կերպ ասած կարծիք հայտնել թե ով է քաղբանտարկյալ: Ուշագրավ է, որ նույնիսկ “հանրահայտ իրավաբանական և քաղաքական փորձագետ” Դավիթ Հարությունյանը չունի ոչ մի պատրանք, որ իր “մասնագիտական” գնահատականը ընդհամենը հասարակ կարծիք է երբ նա ասում է “…նորից եմ ուզում կրկնել, (փաստորեն շատ է ասել) որպես Արդարադատության նախարար, իմ կարծիքն այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան”: Այստեղ են ասում, որ “եթե ասելով է, դու էլ ասա”: Հետևաբար, եթե ինքը կարող է կարծիք հայտնել, դու էլ քոնը հայտնի:
- Թյուրըմբռնում կա որոշ “փորձագետների” մոտ (կամ միտումնավոր ապակողմնորոշում) որ իբր թե անձի գործողություններն կամ հայտարարություններն են որոշիչ իրեն քաղբանտարկյալ ճանաչման հարցում: Օրինակ` Դավիթ Հարությունյանը զարմանքով է ասում “տեսել եմ նաև նույն միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակ, որտեղ Նաիրի Հունանյանը ևս համարվել էր քաղբանտարկյալ: Ամեն ինչ կախված է, կներեք, չափանիշներից…”: Իր կարծիքով և չգիտես թե որ չափորոշիչների հիման վրա` Նաիրի Հունանյանը չի կարող համարվել քաղբանտարկյալ քանի որ իր արած արարքը բացառում է, որ նա կարող է միառժամանակ կամ դատավարության/դատավճռի կիրառման պայմաններում որևէ փուլում լինել նաև քաղբանտարկյալ: Դավիթ Հարությունյանը ճիշտ է ասում, որ ամեն ինչ կախված է չափորոշիչներից, բայց չի շեշտում որ չափորոշիրների համաձայն Նաիրի Հունանյանին չի համարվում քաղբանտարկյալ: Պատճառն այն է, որ գոյություն ունեցող բոլոր չափորոշիչները չեն անդրադառնում անձի արած արարքներին կամ հայտարարություններին որպես իրենց քաղբանտարկյալ ճանաչելու հիմք, այլ նայում են և հաշվի են առնում իշխանությունների վերաբերմունքը այդ անձի նկատմամբ: Եթե այդ վերաբերմունքը հիմնված է քաղաքական դրդապատճառների վրա, որի հետևանքով անձը տուժում է անիրավի արդար դատավարության բացակայությամբ, անհամաչափ դատավճռով, կամ անհիմն և չապացուցված մեղադրանքով, ապա այդ անձը քաղբանտարկյալ է:
- Մարդկության պատմության մեջ դեռ չի եղել մի պետություն որ ընդունի իր երկրում քաղբանտարկյալների գոյությունը: Միամիտ կլինի ակնկալել, որ Դավիթ Հարությունյանը կամ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կընդունեն Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը: Նրանց պատասխանների տողատակերից կարելի է եզրակացնել ինչպես իշխանություններին “պարտադրել” ընդունել Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը:
- Երևի Դավիթ Հարությունյանը արդեն տեսել է Բանաձևի իմ թարգմանությունը և նման մի շարք հոդվածներս (Քաղբանտարկյալը քաղաքական գնահատական է ոչ իրավական, ՀԿ-ների առաքելությունը ԵՄ համաձայնագրի իրագործման հարցում, Գրիգոր Լուսավորչից մինչ օրս Հայաստանում քաղաքական բանտարկյալների պակաս չկա) որտեղ պարզաբանում եմ ինչ է քաղբանտարկյալ հասկացողությունը, ով կարող է “դատավորի” դերը կատարել և գնահատել անձի քաղբանտարկյալ լինելը, ինչպես դա կազմակերպել որպեսզի իշխանությունները պարտադրված լինեն դա ընդունել, ինչու օգտագործել բացառապես ԵԽԽՎ-ի բանաձև 1900 և ամենակարևորը` “հասարակական դատը” կայացնելու գաղափարը որպեսզի վերջնականապես որոշվի ով է քաղբանտարկյալ Հայաստանում: Երևի եմ ասում որովհետև վերջերս Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարությունում կազմակերպել է ինչ որ լսումներ կամ կլոր սեղան որտեղ երևի քննարկվելու էին քաղբանտարկյալների վերաբերյալ հարցեր: Ես ծանոթ չեմ դեռ մանրամասնություններին քանի որ դա չի արվում հրապարակայնորեն ինչպես որ ես առաջարկել էի “հասարակական դատը” անել: Ես վստահ եմ, որ Դավիթ Հարությունյանի նպատակը “հասարակական դատի” գաղափարը փչացնելն է ինչպես որ Հիմնադիր Խորհրդարանի “ազգ-բանակ” հայեցակարգը աղավաղեց նորաթուխ պաշտպանության նախարարը: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած ահազանգում եմ, որ եթե իշխանությունների կողմից քննարկում կազմակերպվի քաղբանտարկյալների վերաբերյալ այն կտապալվի, քանի որ բացառվում է իշխանության կամավոր ինքնադատապարտումը: Վստահորեն պնդում եմ, որ Դավիթ Հարությունյանը նպատակ ունի լսումներին իր կողմից ընտրովի հրավիրված անձանց և ՀԿ-ներին շփոթեցնի, ստեղծելով քաղբանտարկյալների բնորոշման չափորոշիչների շուրջ անհամաձայնություն: Արդյունքում հանդես կգան “միասնական հայտարարությամբ”, որ “գամման շատ լայն է”, ՀԿ-ները չեն կարողանա որոշել որ չափորոշիչները կիրառեն և Դավիթ Հարությունյանը կշարունակի պնդել իր կարծիքը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Հորդորում եմ այս լսումներին մասնակցող անձանց և ՀԿ-ներին ծանոթանալ իմ առաջարկած “հասարակական դատին”, միաձայն պնդեն և պահանջեն Դավիթ Հարությունյանից, որ բացառապես օգտագործվի ԵԽԽՎ-ի բանաձև 1900, ապահովի ենթադրյալ քաղբանտարկյալների և նրանց շահերը պաշտպանող անձանց ներկայությունը:
- Դավիթ Հարությունյանը չափազանցնում երբ ասում է, որ քաղբանտարկյալների բնորոշման չափորոշիչների գամման շատ լայն է: Ընդհակառակը եթե նայենք այդ չափորոշիչների նպատակին և սկզբնաղբյուրին կտեսնեք, որ դա մեկն է` իշխանությունների վերաբերմունքը կալանավորի նկատմամբ դրսևորված է քաղաքական դրդապատճառներով: Միջազգային Համաներում (ՄՀ) – Amnesty International հայտնի միջազգային և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության չափորոշիչները ամենաընդգրկունն են և հեշտությամբ կիրառելի: Այդ իսկ պատճառով, իրավապաշտպանների մեծամասնությունը նախընտրում է ՄՀ չափորոշիչները: ՄՀ-ը բաժանում է քաղբանտարկյալներին երկու մասի: Առաջին խումբը ուժ չի կիրառել քաղաքական նպատակների համար հետևաբար համարվում է խղճի բանտարկյալ (ինչպիսիք են Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը, ես և շատ ուրիշներ): Նրանց ազատ արձակելը պահանջվում է անհապաղ և անմիջապես: Քաղբանտարկյալների երկրորդ խմբում նրանք են, ովքեր քաղաքական նպատակների համար ուժ են կիրառել ներառյալ զինված ապստամբություն: Այս խմբի նկատմամբ ՄՀ-ն անհապաղ ազատ արձակում չի պահանջում, քանի որ կարող հնարավոր է քրեորեն պատժելի արարք կատարած լինեն: Սակայն, եթե նախնական կալանքը անօրինական լինի, դատավարությունը` անարդար, դատական ընթացակարգերը խախտվեն, եթե խտրական մոտեցում լինի կամ անհամաչափ պատիժ, ապա այդ դեպքերում ՄՀ-ը կպահանջի անհապաղ ազատում կամ վճռի վերանայում: