Երեկ՝ 2021թ. հունիսի 19-ի ուշ երեկոյան, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ են ներկայացրել այն մասին, որ իրենց վստահորդներ, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրներ՝ 2 կին և 3 տղամարդ, օրենքի խախտմամբ նույն օրը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և բաժնում պահվում են առանց հիմքի: Փաստաբանները նաև խնդրել են արագ արձագանքման այց, քանի որ իրենց ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել բաժին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով:
Ոստիկանության բաժնում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից մի քանիսը և փաստաբանները նշել են, որ ոստիկանները բերման ենթարկված կանանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելիս ու բաժնում գտնվելու ընթացքում գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք: Մասնավորապես, կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ: Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները:
Բացի նշվածից, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ երբ ինքը և փաստաբան Վարդուհի Էլբակյանն իրենց վստահորդներին տեսակցելու նպատակով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժին, հերթապահ մասի ծառայողները բաժնի դուռը չեն բացել և շուրջ 30-35 րոպե իրենց դիտավորյալ թույլ չեն տվել մտնել բաժին, այդ ընթացքում պարբերաբար իրենց կոպտել են ու հեգնել: Այնուհետև, բարձրացված աղմուկից հետո բացել են բաժնի դուռը, սակայն հերթապահ մասում Ոստիկանության սպայական ուսադիրներով ծառայող վեճի է բռնվել փաստաբանների հետ, սկսել է գոռգոռալ նրանց վրա ու նշել, որ իրենց գործն է՝ կթողնեն, թե չեն թողնի փաստաբաններին մուտք գործել: Հերթապահ մասում շուրջ 5-7 րոպե տևած վեճից հետո թույլ են տվել բարձրանալ վերև: