«Մեր պետության համար շատ վճռորոշ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ երկրի ապագան մեծապես կախված է ընտրողների որոշումից։ Իրապես լինել-չլինելու խնդիր է դրված: Եվ քանի որ արդեն քարոզարշավի ամենաթեժ փուլում ենք, քաղաքացիները հստակ կարող են կողմնորոշվել, թե որոնք են այն քաղաքական ուժերը, որոնց՝ ապագայի հետ կապված ծրագրերը կարող են հույսեր ներշնչել։ Այս համատեքստում շատ կարևոր է, որ հանրությունը հաշվի առնի մի առանցքային իրողություն, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ինչպիսի խոստումներով իշխանության եկավ, իսկ դրա արդյունքում ինչպիսի հետևանքներ ունենք հիմա։
Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է թռիչքաձև աճերի ու տնտեսական հեղափոխության մասին, այնուամենայնիվ, այսօր շատ ծանր տնտեսական ճգնաժամի առաջ ենք կանգնած՝ ժողովրդի սոցիոլտնտեսական վիճակը վատացել է, կրճատվել են աշխատատեղերը, աճել է գործազրկությունը, իսկ համատարած թանկացումների ճնշումն արդեն անտանելի է դառնում։ Նկատի ունենանք, որ հենց տնտեսական առաջընթացն է, որ պետք է հնարավորություն տա վերականգնել մեր խաթարված անվտանգության համակարգը, կարգի բերել պետական կառավարման համակարգի աշխատանքը, սակայն տնտեսության մասով այլևս Փաշինյանի գլխավորած թիմի հետ հույսեր կապելն անիմաստ է։
Ինչպես և, ի դեպ, բոլոր մնացյալ հարցերով ու ոլորտներով: Ըստ էության, «քայլականներն» այնքան ասելիք չունեն, այնքան ապաշնորհ են, այնքան ձախողված, որ իրենց միակ քաղաքական «ֆիշկան» դարձել է ճանապարհների ասֆալտապատումը։ Դրա համար էլ ամեն մի համայնք այցելելիս Փաշինյանը միանգամից սկսում է խոսել ճանապարհների բարեկարգումից, բայց, դե, սոսկ ճանապարհների ասֆալտապատումով երկիր չես պահի։ Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական մեգանախագծեր, սակայն իշխանություններն ի վիճակի չեն այդպիսի նախաձեռնությունների իրագործման համար պայմաններ ստեղծել, քանի որ բավարար չեն նրանց ո՛չ մասնագիտական և ո՛չ էլ քաղաքական որակները։ Մյուս կողմից՝ նրանք վստահություն չեն ներշնչում ներդրողների շրջանում, ինչի արդյունքում երեք տարում Հայաստանում փաստացի ներդրում չի արվել: Պատահական չէ, որ այդպիսի նախաձեռնությունների մասին նույնիսկ ՔՊ-ի նախընտրական ծրագրում որևէ խոսք չկա։
