«Փաստ» օրաթերթը գրում է
Որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան կրքերը բորբոքվելու են: Դրա հետ մեկտեղ, մասնավորապես իշխանության ներկայացուցիչների բառապաշարը սկսելու է դուրս գալ նորմատիվային սահմաններից:«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
Իշխանությունների կողմից վարվող նախընտրական կամպանիան փորձագետը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Մինչ այս իրենց, այսպես կոչված, կառավարման ընթացքում փորձում էին խաղալ մարդկանց բաց նյարդի վրա, այն է՝ խաղալ սոցիալական անարդարության վրա: Իսկ կապիտուլ յացիոն ակտը ստորագրելուց հետո Փաշինյանը փորձում է խաղալ խղճահարության վրա: Փորձում է իրենից զոհի կերպար ստեղծել ու մարդկանց մեջ խղճահարություն առաջացնել: Իր ամբողջ հռետորաբանությունը մարդկանց մեջ իր հանդեպ խղճահարություն արթնացնելուն է ուղղված: Փորձում է մարդկանց ոչ թե բանականությանը, այլ հույզերին դիմել՝ «գիտեք, Արցախն արդեն հանձնվել էր», «Արցախը վաճառել են նախկինները, ես մեղք չունեի, ես փորձում էի կանխել դա, չստացվեց», «իրենք են մեղավոր» հռետորաբանության մեջ: Վերջերս էլ ասաց՝ «միգուցե Աստված մեզանից երես թեքեց»:
Բոլորին մեղադրում է մի անձ, որը բացարձակապես չգնահատեց ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները: Չգնահատելով ռիսկերը՝ ստանձնեց «պատասխանատվություն» ու ամբողջությամբ ընկավ իշխանական բարիքների վրա: Այդ ընթացքում ինքն ու իր թիմակիցներն օգտվել են բոլոր այն բարիքներից, որ ընձեռում է իշխանությունը: Եվ այդ ընթացքում շարժվում էր հետևյալ բանաձևով՝ «եթե ինձ մոտ ստացվի, կասեմ՝ տեսաք, կարողացա երկիրը հանել խորը ճգնաժամից»: Մինչ պատերազմը հռետորաբանությունն այդ բանաձևի մեջ էր, իսկ երբ երկիրն ընկավ ճգնաժամի մեջ, ու ՀՀ-ն, ըստ էության, դադարեց միջազգային իրավունքի սուբյեկտ լինել, ասաց՝ մեղավոր չեմ, մեղավորը ժողովուրդն էր, մեր դաշնակիցներն էին, նախկիններն էին: Նա հաղթանակը, հաջողությունն իրեն է վերցնում, պարտությունը գցում այլոց վրա»:
Այս համատեքստում Արթուր Համբարձումյանը հիշեցրեց 2020 թ. Տավուշյան մարտերը. «Այդ ժամանակ հաղթանակն ամբողջությամբ վերագրեց իրեն, հերոսի կոչումներ, տարբեր շքանշաններ տվեց՝ ցույց տալով, որ գեներալներն իր հրամանատարության տակ են գործել: Իսկ հետո, երբ տեղի ունեցավ պատերազմ, ասաց՝ բանակ չենք ունեցել: Այս մարդու մոտ, մեծ հաշվով, անմեղսունակության դրսևորումներ են, որոնք կան նաև նախընտրական կամպանիայի ընթացքում»:
Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, այս վարքագիծը նաև վախերի ցուցիչ է: «Փաշինյանն այսօր շատ է վախենում, որ ընտրություններում կարող է պարտվել: Ու որքան մեծ է վախը, այնքան սկսում է մեծանալ հույզերի վրա ազդելու չափաբաժինը: Ինքն ընդհանրապես շատ վախկոտ մարդ է: Տեսեք՝ կան մարդիկ, որոնք իշխանությունն օգտագործում են ի բարօրություն մնացած մարդկանց: Նիկոլ Փաշինյանն իշխանությունը միայն ի չարս է օգտագործում՝ «սրանից վրեժ լուծեմ, նրանից վրեժ լուծեմ, մյուսին վիրավորեմ, նրա ունեցվածքը խլեմ» տրամաբանության մեջ: Եվ հիմա հասկանում է, թե այս ընթացքում ինչի համար է օգտագործել իշխանությունը, իսկ այդ կերպ իշխանության օգտագործումը հետագայում հանգեցնում է պատասխանատվության: Հետևապես, վախենում է իշխանությունը կորցնելուց ու այնքան շատ է վախենում, որ սկսելու է այդ գործիքներից ավելի շատ օգտվել: Իր վախը, մեծ հաշվով, այն է, որ կարող է մի օր արթնանալ ու հասկանալ, որ այլևս չունի այն իշխանությունը, որն ուներ»,-ասաց Ա. Համբարձումյանը:
Անդրադառնալով քաղաքացիական վրեժի սպառնալիքներին՝ նա շեշտեց. «Ինքը որոշ խմբերի հետ խնդիրներ է ունեցել ու այդ մարդկանցից փորձում է վրեժ լուծել, իսկ հասարակությանը փորձում է մոլորեցնել՝ ցույց տալով, թե խնդիրը նախկին իշխանությունների ոչ էֆեկտիվ կառավարումն է, թե խնդիրը «թալանն» է: Եթե խնդիրն իսկապես թալանը լիներ, վստահեցնում եմ, որ, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը երբեք իր թիմակիցները չէին լինի:Եթե խնդիրը նախկին վատ բարքերը լինեին, վստահեցնում եմ, որ նախկին օդիոզ անձանց դռները շպրտված որոշ ՔՊ-ականներ երբեք պատգամավոր չէին դառնա: Խնդիրն իր անձնական տիրույթում է, որը փորձում է քաղաքականացնել: Ասում է՝ սրանից հետո պետք է վենդետաներ լինեն, «պողպատյա մանդատի» մասին է խոսում: Իսկ վենդետա նշանակում է արյան վրեժ: Հիմա ինչ է, ասում է՝ արյան վրեժ պետք է լինի՞, այդ ումի՞ց պետք է արյան վրեժ լուծի: Իսկ իր նկատմամբ, այո, կարող է վենդետա լինել, որովհետև իր փնթի, հիմար, դավաճանության հետ զուգակցվող գործողությունները հազարավոր տղաների մահվանն են հանգեցրել: Հետո էլ ասում է՝ «որ ասում եմ վենդետա, նկատի ունեմ քաղաքական վենդետա»: «Քաղաքական արյան վրեժը» ո՞րն է, սա ի՞նչ տերմին է: Այս մարդն օգտագործում է բառեր, հետո փորձում է դրանք ֆռռացնել, ու արդյունքում աբսուրդ մտքեր են ստացվում: Իսկ ցավն այն է, որ այդ մարդը զբաղեցնում է ՀՀ ներկայացուցչական թիվ մեկ պաշտոնը, ու երբ դրսից նայում են ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներին, ասում են՝ գժանոց է: Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»:
Արթուր Համբարձումյանը հիշեցրեց Փաշինյանի այն հայտարարությունը, որն արել էր Արմավիրում՝ նշելով, որ ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ չի լինելու: «Ասաց՝ վստահեցնում եմ, որ չի լինի, որովհետև ժողովուրդը կընտրի ժողովրդի իշխանությանը: Ինքն իրեն հռչակել է ժողովուրդ, իր իշխանությանը՝ ժողովրդի իշխանություն, ու ժողովուրդը միայն իրեն պետք է ընտրի, որ ժողովրդի իշխանությունը հաստատվի: Սրանով իրականում ասում է, որ եթե ժողովուրդն իրեն չընտրեց, քաղաքացիական բախումներ են լինելու, իսկ քաղաքացիական բախումներից դեպի քաղաքացիական պատերազմ ընդամենը մեկ քայլ է: Ավելի վաղ էլ ասել էր՝ պատրաստ ենք ընդունել ընտրությունների արդյունքները, եթե դրանք հավաստի լինեն: Ասում է՝ ցանկացած այլ արդյունք, որով «ժողովրդի իշխանությունը» կպարտվի, իրենց համար հավաստի ու ընդունելի չէ, ասում է՝ պարտության դեպքում քաղաքացիական բախումներ է հրահրելու: Ու եթե պատերազմի պարտությունն է գցում ժողովրդի, նախկինների վրա, ընտրություններն ի՞նչ են, որ դուրս չգա ու չասի, որ արդյունքները կեղծվել են»,-նշեց նա: