00:00:00

Ատոմակայանը կկանգնեցվի 141 օրով. մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգում

18:15, 15 մայիս 2021 Քաղաքականություն

Հայկական ԱԷԿ-ում մայիսի 15-ին մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը (ՊՆՎ-2021)՝ կայանի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում։ Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մեջ մտնող «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։ Հայկական ԱԷԿ-ը կկանգնեցվի 141 օրով՝ սա ամենաերկարատև ՊՆՎ է նախագծի մեկնարկից ի վեր։ Նման երկար դադարը պայմանավորված է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ իրականացվող կարևոր եզրափակիչ աշխատանքներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հայկական ԱԷԿ-ից, կայանում իրականացվող միջոցառումները միտված են դրա արդյունավետության և հուսալիության բարձրացմանը։ «Ուզում եմ ընդգծել, որ անցյալ տարին նվիրված էր ՊՆՎ-2021 շրջանակում նորոգման աշխատանքների նախապատրաստմանը․ անցկացվել են անհրաժեշտ բոլոր ստուգումները, մատակարարվել են սարքավորումները, իրականացվել են ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման և ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման նախապատրաստական աշխատանքները։ Հիմնական բոլոր միջոցառումները ֆիզիկապես կիրականացվեն ՊՆՎ-2021-ի ընթացքում՝ մինչև 2021-ի հոկտեմբեր ներառյալ», - ասաց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը։ Այս տարի լրանում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքի մեկնարկի 45-ամյակը՝ 45 տարի առաջ այն միացել է էներգահամակարգին։ Խորհրդանշական է, որ այժմ, արդիականացումից հետո, կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները և այն հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչև 2036 թվականը։ «Այս առանցքային դադարը կլինի որոշիչ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար։ Աշխատանքներն իրականացնելու նպատակով կայան է ժամանել ռուսաստանցի 120 մասնագետ։ Այս տարվա ընթացքում, նորոգման ժամանակահատվածում, Ռուսաստանից կներգրավվի շուրջ 350 ատոմագործ։ Սա Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր փուլ է, և մենք ուրախ ենք մասնակցել այս իրադարձությանը և օգնել մեր ընկերներին կերտել Հայաստանի ատոմային ոլորտի պատմությունը», - ասաց Յուրի Սվիրիդենկոն ՝ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ղեկավարը ռուսական կողմից: Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր