«Փաստ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքականությունը Հայաստանի անվտանգային միջավայրի ամենակարևոր բաղադրիչներից է։ Շատ դեպքերում դիվանագիտությանն ավելի առաջնային նշանակություն է վերապահվում, քան, օրինակ՝ ռազմական ներուժին։ Եվ տարիներ շարունակ ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում է հայկական կողմը կարողացել առաջ մղել իր շահերը։ Պատահական չէ, որ արտաքին քաղաքականությունը ծառայել է նաև որպես թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու հիմնական գործիքներից մեկը։ Չենք կարող ասել, թե Հայաստանը միշտ փայլուն դիվանագիտություն է դրսևորել, բայց այն իր կարևոր դերակատարությունն ունեցել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման համար։ Հենց դիվանագիտական ջանքերի արդյունքում է, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանում էր, թե փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ բողոքում էր, թե միջազգային հանրությունն իրենց թույլ չի տալիս ռազմական գործողություններ նախաձեռնել։ Եվ ուրեմն, այդ ի՞նչ արտաքին փոփոխություններ տեղի ունեցան, որ անցած տարվա աշնանը Ադրբեջանը համարձակվեց ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի դեմ։ Ու ամենաուշագրավն այն է, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ցեղասպան գործողություններն այդպես էլ չարժանացան այնպիսի միջազգային արձագանքի, որին պետք է արժանանային։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի գործողություններն, ընդհանուր առմամբ, ընկալելի են տարածաշրջանային և գլոբալ խաղացողների կողմից, ինչն աներկբայորեն առաջին հերթին դիվանագիտության դաշտում հայկական կողմի սայթաքումների արդյունք է։ Ինչքան էլ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարի, թե մեր ձախողումները ռազմական են, դիվանագիտական չեն, միևնույնն է, դրանից խնդրի էությունը չի փոխվում։
Մինչ երեք տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ուշադրությունը գլխավորապես սևեռել էր ներքաղաքական հարցերի, թատերական բեմադրությունների ու հանրային շրջանակների ատելությունը բորբոքելու միջոցով իր իշխանությունը պահելու վրա, թշնամին իր ռազմական հզորությանը զարկ տալու հետ մեկտեղ ահռելի ջանքեր է ներդրել դիվանագիտության ոլորտում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարիներ շարունակ իրենց համատեղ հայտարարություններում հստակ արձանագրել են, թե իրենց համար անընդունելի է ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով Արցախյան հիմնախնդրի լուծումը, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Իսկ հիմա համանախագահները որևէ ծպտուն չեն հանում Ադրբեջանի կողմից ագրեսիայի ու իրագործվող հանցագործությունների առիթով։