00:00:00

Պատերազմի կանխատեսելի հետևանքներն ու Արայիկ Հարությունյանի՝ Աննա Հակոբյանին դռան հետևում սպասելու գինը

22:29, 28 ապրիլ 2021 Քաղաքականություն

Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- շեշտել է նա: Արայիկ Հարությանյանը, ըստ էության, կրկնում է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ՝ 2020-ի նոյեմբերի 29-ին հնչեցրած արդարացումը: «Եվ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր: Այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր, ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց: Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ պիտի սկսվեր: Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- ասել էր Փաշինյանը: Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան զույգը փորձում է ամեն կերպ պատերազմի խայտառակ արդյունքների մեղքը բարդել ուրիշի վրա՝ բանակ, հասարակություն, ընդդիմություն: Եվ ոչինչ, որ հենց իրենք ունեին պատերազմը դադարեցնելու լիազորություն, և, որ հենց իրենք են մերժել պատերազմի առաջին օրերին մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկները. Նիկոլ Փաշինյանը մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը, Արայիկ Հարությունյանը՝ նախկին նախագահների, որովհետև չի ցանկացել խախտել Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակցությունը: 2020-ի դեկտեմբերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել էր, որ պատերազմի երրորդ օրն արդեն Արցախում էր, և 1,5-2 օրը բավական էր հասկանալու՝ լրջագույն խնդրի առաջ ենք, ուստի օր առաջ պետք է կանգնեցնել այս պատերազմը, թեկուզ՝ լուրջ զիջումներով: «Այն ժամանակ ես կիսվեցի որոշ գաղափարներով և՛ Արկադի Ղուկասյանի հետ, և՛ Բակո Սահակյանի հետ, և Բակո Սահակյանն առաջարկեց հանդիպում կազմակերպել Արայիկ Հարությունյանի հետ։ Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով, համարեցի, որ պետք է կիսվել գործող նախագահի հետ մտահոգություններով և որոշ առաջարկներով, թե ինչ պետք է անել այդ իրավիճակում: Բակո Սահակյանը գնաց այդ հանդիպումը կազմակերպելու համար, երբ որ հետ եկավ, տարակուսանք էր իր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է, թե՝ չեմ կարող դա անել, եթե հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»,- մանրամասնել էր Քոչարյանը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ նույն եզրահանգմանն է եկել, ինչ Օնիկ Գասպարյանը, Ռոբերտ Քոչարյանը: «Երբ ես սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը եղել եմ ՊԲ հրամանատարական կետում, այսինքն՝ 29-ին ամբողջ օրը և 30-ին, հենց 30-ին նույն կարճ հետևությունն եմ արել ռազմաքաղաքական իրավիճակից և համարյա նույն առաջարկությունն արել եմ: Միայն մեկ տարբերություն է եղել. ինչպես Օնիկ Գասպարյանն ասում է, ինքն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, իմ առաջարկությունների մեջ եղել է հետևյալը, որ պետք է ամեն ինչ անել ռազմաքաղաքական իրավիճակում բանակցային գործընթացը շարունակելու և ՊԲ ղեկավարումն ու համակողմանի ապահովումն արագ տեմպերով կատարելու համար: Այդ եզրակացությունը ես տվել եմ ԱԽ նախագահ Արայիկ Հարությունյանին, այն նաև Արցախի ԱԽ քարտուղարն է տեսել, այդ եզրակացությունը ես տվել եմ Ջալալ Հարությունյանին, և չգիտեմ՝ ով էր այնտեղ, ասել եմ նաև, որ այն փոխանցեն ՀՀ ղեկավարին: Եվ այդ եզրակացության հիման վրա մի քանի առաջարկություններով ես և Ջալալ Հարությունյանը Մովսես Հակոբյանին խնդրել ենք, որ նա արագ գա Երևան և ներկայացնի կառավարության ղեկավարին, բայց Փաշինյանը Մովսես Հակոբյանին չի ընդունել, ինչպես տեղյակ եմ նրա խոսքից»,- մանրամասնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարարը: Ինչ էր անում հոկտեմբերի սկզբին պատերազմի հետևանքները քաջ գիտակցող Արայիկ Հարությունյանը․ այո՛, շարունակում էր իր ներդաշնակ քայլքը Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողքով: Բավական է հիշել հոկտեմբերի 5-ին Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում հայտնի խորհրդակցությունը հայտնի օպերացիայի շուրջ, և Արայիկ Հարությունյանի՝ դռան հետևում սպասելը Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգի առանձնազրույցի ավարտին, երբ պատրաստվում էին Սամվել Բաբայանի ասած՝ Քյանդ-Հորադիզ օպերացիային: Սրանից հետո ականատեսը եղանք Արայիկ Հարությունյանի արկածախնդիր մարտակոչերին՝ հոկտեմբերի 14-ին, հոկտեմբերի 29-ին Շուշիից, երբ արդեն պարզ էր՝ պատերազմը հասել է Շուշիի տակը: Էլ չասենք, որ պատերազմի առաջին օրը Արայիկ Հարությունյանը մեծ-մեծ խոսում էր՝ պատերազմ են հայտարարել, պատերազմ էլ կստանան, իսկ նոյեմբերի 9-ին, երբ արդեն, ըստ էության, հայտնի էր կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման որոշումը, Արայիկ Հարությունյանը գրառում է անում՝ թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Ավելին՝ 168.am-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր