00:00:00

«Լազարևը բարկացավ ու այնպես աջակցեց ինձ, կարծես, հարազատս լիներ»․ Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում հաղթանակի, 2 մլն ռուբլի ստանալու և եզրափակչի օրը ձայնը կորցնելու մասին

21:19, 26 ապրիլ 2021 Շոուբիզնես

Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող է դարձել երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում Սյուզաննան խոսել է սպասված հաղթանակի, եզրափակչի օրը ձայնը կորցնելու, ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևի վերաբերմունքի, հայ մասնակիցների հետ հարաբերությունների և մրցանակների մասին։ Սյուզաննայի խոսքով՝ հաղթանակը շատ սպասված էր, կյանքում առաջին անգամ որպես վոկալիստ ինքն իրեն հավատում էր։ «Շատ մրցույթների եմ մասնակցել, բայց ինչ-որ կետում մտածել եմ՝ գուցե չստացվի, իսկ այս նախագծում այդ «գուցեներ» չկային։ Մոտ մեկ տարի պատրաստվել էի մրցույթին, վերջին ամիսները, հատկապես ծանրաբեռնված էին, ինչը խոսում է այն մասին, որ շատ լուրջ եմ մոտեցել նախագծին։ Հենց դրանով էր պայմանավորված, որ սպասում էի հաղթանակի։ Զգում էի, որ իմ ժամն է հասել, ներսումս այդ զգացողությունը կար՝ չնայած մրցակիցներս ուժեղ էին։ Զարմացած եմ, որ անգամ դա ինձ չխանգարեց, հստակ գիտեի, թե բեմում ինչ պետք է անեի, զգացմունքային առումով ինձ մոտ հասուն վիճակ էր, հոգեբանական տեսանկյունից բեմում ուրիշ Սյուզաննա էր։ Եթե լիներ նախկին Սյուզաննան, գուցե ինչ-որ կետում կոտրվեր ու չկարողանար, բայց, փաստորեն, հոգեբանորեն ինձ հետ այնքան էի աշխատել, որ ստացվեց։ Ինքդ քեզ հետ աշխատելը շատ բարդ է, քեզնից անընդհատ պահանջելը՝ ևս, այդ ամենը առողջության, նյարդերի հաշվին է, բայց այդ ամենից հետո բեմը ցույց է տալիս՝ ով ես դու»,- ասաց նա։ Երգչուհին պատմեց, որ մրցույթի եզրափակչի օրը իր հետ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ «Եզրափակչի օրը եկավ մի պահ, երբ կորցրի ձայնս։ Դա չքնելուց, խիտ գրաֆիկից, նյարդերից էր։ Ինձ համար մասնագետ կանչեցին, ով ձայնալարերիս հանգստացնող ներարկեց։ Ստեղծագործական անձնակազմը շատ հոգատար վերաբերմունք ցույց տվեց, կարծես, վաղուց միմյանց ծանոթ լինեինք։ Ժյուրիի անդամներն այդ մասին չեն իմացել, ինձ համար ճիշտ, պրոֆեսիոնալ չէր լինի, եթե  նրանք իմանային»,- նշեց նա։ Ինչպես առաջին ելույթի ժամանակ, այս անգամ էլ Սյուզաննան ստացավ ժյուրիի 100 անդամից 99-ի ձայնը, բայց այն երգչուհին, ով նախորդ անգամ նրան ձայն չէր տվել, այս անգամ առաջիններից մեկը կոճակը սեղմեց։
«Եզրափակչի ժամանակ իմ օգտին չքվեարկեց միայն երգչուհի Սաշան։ Նա մեկնաբանեց՝ եթե գոռում ես, չի նշանակում, որ լավ ես երգում, հարգում եմ նրա կարծիքը։ Սերգեյ Լազարևն այդ պահին բարկացավ ու պատասխանեց նրան, ասաց, որ անգամ մեկ սխալ նոտա չեմ երգել։ Որպես վոկալիստ ասեմ, որ այդ երգն օրիգինալ տոնից երգելը շատ բարդ է, այն էլ մրցութային մթնոլորտում։ Անկեղծ ասած, Լազարևի պատասխանը մանրամասնորեն չէի հիշում, դիտելուց հետո երեկ խոսեցի նրա հետ, շնորհակալություն հայտնեցի ինձ այդքան աջակցելու համար։ Այնպիսի վերաբերմունք է ինձ ցույց տվել, կարծես, հարազատս լինի»,- պատմեց Սյուզաննան։ Ըստ երգչուհու՝ եզրափակչի օրը, առհասարակ, շատ գերհոգնած էր, առավոտյան 7։30-ից ստուդիա են գնացել, իսկ 11։00-ից տարբեր նկարահանումների մասնակցել։ «Ես վերջինը ելույթ ունեցա։ Ելույթից հետո «Բաթլ»-ում վերջին ուժերով եմ երգել, ֆիզիկապես սպառված էի, միայն աղոթում էի, որպեսզի Աստված ինձ միայնակ չթողնի։ Միավորներս տեսնելուց հետո ինձ մոտ զգացմունքների տարափ էր։ Շատ հաղթանակներ, մրցանակներ եմ ունեցել, բայց նման լայնամասշտաբ հաղթանակ չեմ ունեցել։ Սա միայն իմ հաղթանակը չէ, բոլորինս է, այն նվիրում եմ մեր հերոսներին,- ասաց նա և հավելեց՝ իրեն շատ են գրում, թե ինչո՞ւ բեմում նման բան չի ասել, ցավոտ թեման չի շոշափել,- Ուզում եմ ասել, որ ես չէի կարող։ Ի սկզբանե ինձ հետ խոսել են ու ասել, որ քաղաքական ոչ մի թեմա չպետք է շոշափեմ։ Գուցե ինչ-որ առումով դա ճիշտ է, եթե հարցազրույց տայի, խոսեի ինձ համար զգացմունքային թեմայի մասին, բեմում ուժեղ ելույթ չունենայի։ Ես այն մարդը չեմ, որը կլռեր այդ թեմայի շուրջ, եթե խոսելու հնարավորություն ունենար»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր