00:00:00

Խորհրդանշական փամփուշտ հողում․ դրվեց Հերոսների վերականգնողական քաղաքի հիմքը

02:47, 24 ապրիլ 2021 Քաղաքականություն

Կոտայքի Պռոշյան համայնքում դրվել է Հերոսների վերականգնողական քաղաքի հիմքը, կատարվել է հիմնարկեք։ Կառուցվելիք շենքերից մեկը կրելու է Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը, իսկ ստեղծվելիք այգին՝ 44-օրյա պատերազմի նահատակ Վարդան Ամալյանի։ Հերոսների վերականգնողական քաղաքի  շահառուները լինելու են ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողները, նաև նրանց ընտանիքի անդամներ։
«Հերոսների վերականգնողական քաղաքը»  նախագծի մեկնարկն  այսօր տրվեց Պռոշյան ավանում։ Ազգային հերոս Վահագն  Ասատրյանի  անվան նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը կատարվեց  Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ։ Խորհրդանշական փամփուշտ տեղադրվեց այն հողի մեջ, որտեղ կառուցվելու է զինվորների հոգեբանական կենտրոնը։  Դա պատերազմից հասած փամփուշտ էր։ Նախագծի հեղինակ՝ Սուրեն Արեենց։ «Այս փափուշտը վաղամեղիկ հորեղբայրս է փոխանցել, ով նույնպես զինվորական էր։  Ուզում եմ ասել, որ մեր կռիվը չի ավարտվել, մենք ազատագրելու ենք մեր բոլոր տարածքներն ու այսուհետ սգով չենք շարունակելու»,-ասաց Արեենցը։ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք»  նախագիծը  բաղկացած է երեք փուլից: Հիմնվելու է հոգեկան առողջության կենտրոն, նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:  Շահառուները լինելու են ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողները, նաև նրանց ընտանիքի անդամները։ Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի խոսքով՝ նման կենտրոնի անհրաժեշտություն առաջացել է դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Պատերազմի օրերին Արցախի թիկունք  դեղորայք և վիրահատական միջոցներ էինք ուղարկում։ Գտնվեցին մարդիկ, որոնք շարունակաբար  այդ օգնությունը տվեցին, և պատերազմից հետո  հասկացանք, որ այս միջոցները փոշիացնել չի կարելի։ Եւ մտածեցինք ստեղծել հենց նման կենտրոն»,-ասաց Արեենցը։ Դեռ  պատերազմի օրերից գերմանական, հունական, ինչպես նաև Ստեփանակերտի՝  բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնների հետ մասնագետների վերապատրաստման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հիմնարկեքի արարողությանը ներկա բարոնուհին նշեց, որ դեռ  նախորդ պատերազմի ժամանակ իրենք միշտ աջակցել են հաշմանդամություն ունեցող  զինվորներին։ Այս անգամ  էլ համաձայնել են մասնակիցը  դառնալ նման կենտրոնի ստեղծմանը։ «Հայն այն ազգն  է, որ կարողանում է ոչ միայն  փրկվել թշնամուց, այլ և ավերակներից ու ավերածություններից հետո կարողանում է ոտքի կանգնել  ու առաջ շարժվել։ Մենք մեր գործընկերներով կաղոթենք, որպեսզի այս տեղը դառնա հույսի  և հավատի կենտրոն»,–ասում է բարոնուհին։ Կենտրոնի առաջին շենքի կառուցման համար նախատեսված գումարն արդեն հանգանակվել է՝ մոտ 3 մլն դոլար։ Նախագծի հեղինակը նշում է, որ գումարները   հիմնականում բարերարների կողմից են։ «Բարերարներից ամեն մեկը 1050, 100 դոլար է նվիրաբերել։ Հենց այս տեսակի ֆոնդերով է գումարը հավաքվել,  ու այս հողատարածքը գնվել է։  Այսօր թիրախային  է հոգեբանական բուժումը, քանի որ 21-րդ դարում  հինգերորդ սերնդի պատերազմը մեզ հասցրել է հոգեկան շեղումների։  Այժմ նաեւ հավատի վերականգնման փուլում ենք, որոշել ենք անել, որ մարդիկ հավատան, որ այդ գումարները մեր տուն չեն գնալու»,–ասաց Սուրենը։ Պետությունն այստեղ մեծ անելիք ունի՝ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի դիտարկումն է․ «Պետությունը դեռ շատ անելիք ունի, և մենք մշտապես պետք է կանգնած լինենք վիրավոր ազատամարտիկների կողքին։ Թե առողջության, թե հոգեբանության, թե հետագա կյանքում ինտեգրվելու և բնականոն կյանքը շարունակելու առումով անելիքները շատ են»։ «Տղաները մեկ վայրկյան շուտ պետք  ոտքի կանգնեն։ Իսկ այս գաղափարի համար միավորումն անխուսափելի է»,-ասում է մայոր Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականի ամռանը վիրավորվելու հետեւանքով կորցրել է ձեռքն ու երկու ոտքերը. «Ցանկացած վերականգնողական կենտրոն այս ժամանակահատվածում շատ կարևոր է, քանի որ մեր տղաները շատ ունեն դրա կարիքը։ Հոգեբանական օժանդակության առումով՝ առավել ևս, քանի որ շատ տղաներ չեն կարողանում դուրս գալ սթրեսային վիճակից, իսկ այս կենտրոնների օգնությամբ նրանք օր առաջ կվերադառնան բնականոն կյանքի»,–ասում է Սարգիս Ստեփանյանը։ Երկու օրից կսկսվեն 110 քմ տարածքով շենքի շինարարական աշխատանքները, շինարարները խոստացել են՝ մինչև ամառվա վերջ հիմնվելու է այգի, որը կրում է  44-օրյա պատերազմի հերոս  Վարդան Ամալյանի անունը։  Իսկ բուն վերականգնողական կենտրոնի շինարարությունը կտևի 6-7 ամիս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր