Մենք ծանրագույն իրավիճակում ենք, ցավոք, որպես պետություն՝ դասական իմաստով, գոյություն չունենք բավական երկար ժամանակ, կա դրա ֆորմալ փաթեթավորումը, բայց այն զուրկ է բովանդակությունից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետաձգմանը։
«Քաղաքացիներն իրենց կյանքի ու կենցաղի կազմակերպման տարբեր ոլորտներում այս կամ այն կերպ առնչվում են այդ իրողության հետ, որ պետություն գոյություն չունի, և ամենակարևորը՝ պետության անվտանգության էլեմենտները այսօր որևէ կերպ, փաստացիորեն, ապահովված չեն։ Այսինքն՝ չկա պետական իշխանությունը, որը հանձնառու է իր քաղաքացիների, պետության անվտանգության ապահովման համար»,-ասաց Ղևոնդյանը։
Ըստ քաղաքագետի՝ կարելի է արձանագրել, որ գերիների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է․ «Եղավ շատ փոքր թվով գերիների փոխանակում, ընդ որում՝ ՀՀ-ի կողմից եղավ առաջին քայլը՝ Ադրբեջանի համար շատ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող հանցագործներին փոխանցելով և Ալիևին փոքրիկ հաղթանակ պարգևելով, սակայն հաջորդող քայլերը որևէ կերպ չէին արտացոլում Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների շահերը։ Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքները։ Փաստացիորեն, ՀՀ գործող իշխանությունն իմպոտենտ է և որևէ կարողություն չունի՝ իր քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունները այս կամ այն կերպ իրագործելու համար»,-ասաց նա։
Ղևոնդյանի խոսքով՝ Ադրբեջանն իր հերթին գերիների գործոնը շահարկում է ամենատարբեր մակարդակներում՝ աշխարհաքաղաքականից սկսած մինչև Արցախում որոշակի սահմանային ճշգրտումներ անելու իրողությամբ։
«Ադրբեջանը որդեգրել է գործիքակազմ, որ այն զինվորներին ու քաղաքացիական անձանց, որոնք գտնվում են իր մոտ գերու կարգավիճակում, չի հռչակում որպես գերի, նրանց բոլորի առնչությամբ քրեական գործեր են հարուցված՝ հիմնականում ահաբեկչության, վարձկանության հետ կապված հոդվածներով։ Նախ, հետագայում, գուցե, հնարավորություն ստեղծվի, աշխարհաքաղաքական պատուհան ստեղծվի՝ վերսկսել ռազմական գործողությունները՝ շահարկելով այն հանգամանքը, որ ճնշումների ներքո մեր որոշ գերիներ ստիպված են եղել որոշակի ստորագրություններ տալ, և դա ուղղակիորեն կարող է կապված լինել սահմանային պրովոկացիաների հետ թե՛ Սյունիքի, թե՛ Նախիջևանի հատվածներում»,-ասաց նա։
Մյուս կողմից, քաղաքագետի դիտարկմամբ, Ադրբեջանը գերիների գործոնն առևտրի առարկա է սարքում, որ բանակցությունների ժամանակ Մեղրիի և, ընդհանրապես, այդ տարածքում միջանցքների հնարավորություն ստանա՝ այն էլ իր համար շահեկան պայմաններով։
«Ակնհայտ է, որ թե՛ՌԴ-ն, թե՛ Իրանը շահագրգիռ չեն, որ այնտեղ կոմունիկացիոն գործընթացներ կատարվեն, որովհետև դա ուղղակիորեն Անկարայի ու Բաքվի թուրանիզմի պլանների իրացում է։ ՀՀ-ն այս պարագայում գործոն չէ, բայց խնդիրն այն է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից բանակցող կողմ, այնուամենայնիվ, ՀՀ-ն է, և Ադրբեջանը կարողանում է այդ հանգամանքը շահարկել, վաճառել Իրանի և ՌԴ-ի վրա, թե հայկական գերիների հարցի լուծման պատուհան է տեսնում այդ ճանապարհը»,-ասաց Ղևոնդյանը՝ նշելով, թե իզուր չէ, որ ադրբեջանական դիրքորոշումն այդ հարցում բավական կոշտ է։
«Իրենք շատ են բարձրացրել իրենց նշաձողը գերիների հարցում, և դրա դիմաց ուզում են ռազմավարական ձեռքբերում ստանալ ռեգիոնալ մակարդակում։ Սա ծուղակ է, որը, ցավոք, բավական արդյունավետ աշխատում է։ ՀՀ-ն այս ամենում սուբյեկտայնություն չունի, մյուս կողմից, քանի որ երկրի գործադիր ղեկավարի քաղաքական պատկերացումների պրիզման բացառապես տեղավորվում է իշխանություն պահելու օրակարգով, իր համար գերիների խնդիրը հռչակված արտահերթ ընտրությունների նախօրեին նաև իմիջային խնդիր է լուծում։ Այսինքն՝ եթե նա կարողանա գերիների որոշակի թվի վերադարձնել հայրենիք, միանգամից հանրային վստահության որոշակի էլեմենտներ ի հայտ կգան նրա նկատմամբ»,-ասաց նա։
Ղևոնդյանի խոսքով՝ քաղաքացիների, անհետ կորածների, գերիների ծնողների հանդեպ վարվելակերպը անբարոյականության գագաթնակետն է, ու դա է պատճառը, որ մարդիկ անկարողությունից սկսում են քաղաքացիական անհնազանդության ակտեր կատարել երկրի պաշտպանական գերատեսչության, ռազմավարական ճանապարհներ փակելու միջոցով։
«Դա անկարողության ճիչ է այդ մարդկանց կողմից, որովհետև իրենք անտեր են մնացել։ Խնդիրը նաև այլ հարթությունում է, որ հասարակությունը նույնպես անտարբեր է այդ մարդկանց նկատմամբ, հասարակության մի մասը շատ հանգիստ ապրում է իր կենցաղային հոգսերով։ ՀՀ-ում չկա իշխանություն՝ հայակենտրոնության դիրքերից, կա աթոռի տեղապահ, որը կոնյուկտուրային խնդիրներ է լուծում՝ սպասարկելով առնվազն մեր երկու հարևանների շահերը՝ փորձելով այդ ամեն ինչից իր համար նվազագույն ռիսկերով դուրս գալ»,-ասաց նա։
Հարցին՝ ի վերջո, ինչո՞ւ չի հեռանում այս իշխանությունը, եթե վերը նշված խնդիրները տեսանելի են, ու նաև խոսում է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանության վերադառնալու մասին, քաղաքագետն արձագանքեց՝ ՀՀ գործող իշխանությունը քաղաքական բարոյականության հետ որևէ առնչություն չունի։
«Այն հանձնառությունը, որ իրենք Սահմանադրությամբ ստացել են ընտրությունների արդյունքում, փաստում է, որ նրանք երաշխավոր են լինում ՀՀ ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, ազգաբնակչության ֆիզիկական անվտանգության համար, ես չեմ հիշեցնում այն բազմաթիվ ելույթները, որոնք հնչեցվել են պաթոսով կամ առանց պաթոսի ինչ-որ հանդիպումների և քննարկումների ժամանակ։ Առնվազն արձանագրենք, որ իրենք իրենց առջև դրած խնդիրը ոչ միայն չեն լուծել, այլև հայրենիքի կորստի, հազարավոր զոհերի, 2000-2001 թթ․ սերնդի բնաջնջման պատճառ են դարձել։ Ինչքան անբարոյական և անսկզբունքային պետք է լինես, որ դրանից հետո կասկածի տակ չդնես սեփական իշխանություն ունենալու հիմքերը»,-ասաց նա՝ նշելով, թե իշխանությունն առնվազն պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր ազգից, գնար ինքնապատժման։
Նրա խոսքով՝ այս ամբողջ պրոցեսում միայն Թուրքիան ու Ադրբեջանն են, որ աջակցություն են հայտնում ՀՀ գործող վարչակարգին։ Դիտարկմանն էլ, որ իշխանությունը խոսում է այդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների ու խաղաղասիրության մասին, Ալեն Ղևոնդյանն արձագանքեց․
«Խաղաղասիրությունը քո ազգին, քո ժառանգությունը, քեզ՝ որպես պետություն ատող հարևանների հետ միֆ է, որը փորձում են տեղայնացնել կենցաղային պահանջմունքներ բավարարելու խոստումներով։ Կա՞ ինչ-որ մեկը, որ կարող է ասել, որ 2018-ից հետո ՀՀ-ն ունեցել է որևէ տեսանելի ձեռքբերում՝ բացի «հաղթելու ենք» հեշթեգից, որի արդյունքում մենք հայրենազրկվեցինք։ Մենք խորը, համապարփակ փոսի մեջ ենք, և այդ փոսի մեջ դեռ քննարկում ենք ինչ-որ մեկի իշխել-չիշխելու լեգիտիմության հարցադրումը»։