00:00:00

ՀՀ իշխանությունը քաղաքական մարմնավաճառի պես Հայաստանի անվտանգությունն առաջարկում է Թուրքիային՝ հայտարարելով, որ պատրաստ է մոտեցում փոխել․ Ա. Գասպարյան

03:37, 07 ապրիլ 2021

Մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային պատկերը պետք է ճիշտ ընկալենք, անընդհատ հետևենք երկու հարևան-թշնամի պետություններում տիրող վիճակին, ներքաղաքական իրադարձություններին, այնտեղից եկող մեսիջներին, հանրային ընկալումների փոփոխություններին: Ցանկացած խոհեմ իշխանություն, որը գիտի իր պետության ներուժը, ռեալ է գնահատում իր ու հարևանների հնարավորությունները, հաստատ չի տրվի պատրանքների, արհեստական  թեմաներով չի՛ զբաղեցնի մարդկանց, իսկ եթե ուզում է հասարակական զարկերակը ստուգել այս կամ այն պետության ու ժողովրդի նկատմամբ, պարզունակ ու շուկայական քայլերի չի՛ դիմի: «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։ «Դիցուք՝ Հայաստանի իշխանությունը եթե ուզում է հասկանալ՝ ինչպե՞ս են հայաստանաբնակները վերաբերվում Թուրքիային ու թուրք ժողովրդին, ապա սխալ է մեր ժողովրդի ու պետության համար անվտանգային գերկարևոր այդ հարցի պատասխանը կենցաղային կամ բնազդային մակարդակում փնտրելը, այդ թեման վտանգավոր է ֆեյսբուքյան քվեարկությամբ հասկանալը, որտեղ ցանկացած կարևոր միտք, մտահոգություն, սպառնալիք, ռիսկ՝ շատ հանգիստ կարող է վերաճել ներազգային թշնամանքի: Եթե սա իշխանությունը չի՛ գիտակցում, ուրեմն արդարացված է մոտեցումը, որ իշխանությունում հերթապահող խմբակն ի վիճակի չէ պետություն ղեկավարել, իսկ եթե միտումնավոր է անում, ուրեմն նա սպասարկում է թշնամու շահերը: Փաշինյանական խունտան այս հարցում նույնպե՛ս տապալեց ամեն ինչ»,– ասել է նա: Աբրահամ Գասպարյանը նշել է, թե այնպես չէ՛, որ անցած 30 տարում մեր երկրի որևէ իշխանություն լրջորեն փորձել է հասկանալ այս հարցի պատասխանը կամ հանրության հետ լուրջ երկխոսությու՛ն է ունեցել: 90-ականների սկզբին այդ թեման տարվում էր թաքուն, անցած 20 տարում էլ այսպես կոչված հաշտության ու հարաբերությունների բարելավման մի երկու փորձ եղավ, որից մեկը՝ դարձյալ թաքուն՝ խոսքը այսպես կոչված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մասին է, մյուսն էլ՝ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումն ստացած պրոցեսը, որտեղ նախկին իշխանությունը քիչ թե շատ խաղաց բացահայտ, արձանագրություններ ստորագրեց, բայց Թուրքիան չվավերացրեց դրանք: «Դե այդ ժամանակ՝ կհիշեք՝ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ՝ Երևանից մինչև Լոս, Մոսկվա ու Փարիզ, Մերձավոր Արևելք՝ դուրս եկան փողոց և ընդդիմացան իշխանության պրագմատիկ մոտեցմանը, որ պետք է հարևանի հետ խոսել ու հարաբերություն կարգավորել: Իրականում այդ քաղաքականությունն արդարացված էր նրանով, որ Հայաստանի դիվանագիտությունը ռեակտիվից դարձրեց պրոակտիվ, փոխեց ցեղասպանության ենթարկված ազգ լինելու միջազգային ընկալումը, փորձեց դրանով նվազեցնել կամ մեղմել Անկարայի ազդեցությունը Արցախի բանակցային գործընթացի վրա, բայց...ինչպես տեսանք՝ ապարդյուն: Այդ պրոցեսն արդյունք չտվեց նաև այն պատճառով, որ Հայաստանը՝ ինչ-որ տեղ նաև գնալով զիջումների, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների վերացման առնչությամբ, մի շատ կարևոր բան չզիջեց Թուրքիային...ֆուտբոլային դիվանագիտության բանակցային պրոցեսի մասին մեզ շա՛տ բան է հայտնի, բայց և անհայտ գործոններ ու խոսակցություններ՝ վստահ եմ՝ նույնպես շատ են և ժամանակի ընթացքում կբացահայտվեն...ի՞նչ պահանջներ է ներկայացրել Թուրքիան, որը Երևանը մերժել է, ի՞նչ զիջումների է պատրաստ եղել Հայաստանը, կամ առհասարակ՝ ի՞նչ պահա՛նջ է դրել Հայաստանը՝ նորմալացնելու հարաբերությունները: Այդ ամբողջի ականատեսը եղանք, տեսանք նաև՝ ինչպե՞ս իշխանության այդ նախաձեռնությունն ընդունեցին Հայաստանում և Արցախում, հակառակ փաստին, որ իշխանությունը նախաձեռնեց նաև համահայկական ուղևորություն՝ բացատրելու մոտիվացիան ու ակնկալվող արդյունքները: Պրոցեսը տևեց կարճ, պսակվեց՝ Ցյուրիխյան արձանագրություններով, Թուրքիան պահեց իր Մեջլիսի գզրոցներում 6 տարի, չվավերացրեց, Հայաստանն էլ ասաց՝ հետ եմ կանչում, քանի որ Թուրքիան տապալեց պրոցեսը: Այսինքն՝ Թուրքիան համարեց, որ ի՛նքն է որոշում՝ երբ ու ի՞նչ ֆորմատով հարաբերություն հաստատի Հայաստանի հետ»,– ասել է նա: Հեղինակը նշել է, որ հիմա, երբ ռետրոհայացք ենք նետում այդ պրոցեսին, վերլուծում՝ այսօրվա իրողությունները, տեսնում ենք շատ կարևոր փաստ՝ Թուրքիան հիմա որոշել է ընթացք տալ Հայաստանի հետ հարաբերության նորմալացմանը՝ երկու պատճառով՝ Առաջին՝ Հայաստանում իշխանության եկած խումբը գործեց դիվանագիտության սկզբունքներին ու օրենքներին հակառակ՝ մտածեց՝ կարճ ու գործեց արագ և սրա արդյունքը եղավ այն, որ Արցախի բանակցային կարգավորումը տապալվեց, սկսվեց պատերազմ, Թուրքիան ակտիվորեն միջամտեց, օգնեց Ադրբեջանին ու պարտադրեց նոր ստատուս քվո: Սա առաջին պատճառը: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան Փաշինյանի իշխանությունից ստացավ այն, ինչը չէր հաջողվում անցած 30 տարում՝ Մեղրիով միջանցք դեպի Ադրբեջան ու մերձկասպյան տարածաշրջան: «Հիմա թող փաշինյանական ֆեյքերն ու սրբազան կով պաշտողները շորեր ճղեն ու ասեն, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառ չկա, չգիտեմ ինչ չկա...արդեն ծիծաղելի է: Բաքվում ու Անկարայում բացահա՛յտ են խոսում այդ մասին, թյուրքալեզու ժողովուրդների ոչ ֆորմալ հանդիպմանը հպարտությամբ նշում, որ բանակցություն է ընթանում և թյուրքական աշխարհի միավորումն այսօր ավելի իրատեսական է, քան երբեք: Այստե՛ղ է, որ իշխանությունը պիտի խոհեմ գտնվի և ստելու փոխարեն քաջություն ու երես ունենա սեփական ժողովրդի հետ խոսելու և ասելու, որ ուզում ենք գնալ Թուրքիայի հետ հարաբերության նորմալացման, սահմանների բացման և այլն: Գիտե՞ք ինչու իշխանությունը չի ասում նման բան, քանի որ նոյեմբերի 9-ին ղազագիր է ստորագրել և պարտավորվել է ասել ու անել այն ամենն ինչ իրեն թելադրում են Թուրքիան կամ նրա կովկասյան սորտը՝ Ադրբեջանը, քանի որ Փաշինյանն զգետնեց ոչ թե մեր անվտանգության սպառնալիք այս պետությունների ռազմական կարողությունը, այլ հենց հայկական դիվանագիտությունը, որը գրեթե 3 տասնամյակ կառուցված էր ուժերի հավասարակշռման վրա...հիմա անունը կդնեք՝ կոմպլեմենտարիզմ, թե փոխլրացում, շահերի համադրում, ինտեգրում, թե ինչ՝ էությունը դրանից չի փոխվում»,– ասել է նա:
Ըստ հեղինակի՝ Թուրքիայի նման պետության մասին Հայաստանում ապրող մարդիկ պատկերացում պիտի կազմեն ոչ թե տուրք տալով չարդարացված ռոմանտիզմին կամ գերդոզավորված թշնամանքին, այլ Հայաստանի բնակիչն այսօր առաջին հերթին կարիք ունի ճանաչելու Թուրքիա պետությո՛ւնը: Նրա խոսքով՝ թուրքին մեր ժողովուրդը լա՛վ գիտի, թող ոչ ոք սոփեստաբանությամբ չզբաղվի ու մեզ չսովորեցնի ով է թուրքը, որն է ճիշտը, որը սխալ: Գենետիկ ընկալումների մեջ փոփոխություն անելը գրեթե անհնար է, դարերի՛ խնդիր է, քանի որ 800 տարի մենք ճանաչում ենք թուրքին...հիմա գրանտային ծրագրերով դիսկուրս փոխելը չի՛ ստացվի, խելացի ու ժողովրդավար երևալը՝ առավել ևս...ավելին ասեմ՝ նման քաղաքականություն տանողները ոչ միայն սպասարկում են չՀայաստանին, այլև ծիծաղելու աստիճան՝ ողբալի վիճակու՛մ են հայտնվում:
«Մենք ունենք արդարացված կարծրատիպեր, որոնք, այո, պիտի տրանսֆորմացվեն 21-րդ դարում, բայց ոչ թե փնթի ու թշվառ ձևով, քրքրված ու հակամարդկային, հակապետական ու հակաազգային շեշտադրումներով, ինչպես հիմա փորձ է արվում, այլ խելամիտ, մտածված, հաշվարկված, ռիսկերի գնահատմամբ, անվտանգության երաշխիքներով և ամենակարևորը՝ զարգացած պետության հստակ ռազմավարությամբ: Այդ ամենն այսօր չկա, Փաշինյանն ու յուր սպասարկու թիմը իռացիոնալ քայլերի՛ է գնում՝ առանց հաշվարկելու, շատ պրիմիտիվ մակարդակով, շատ էժան ու անգրագետ...նրանք չգիտե՛ն ինչ պետություն է Թուրքիան, ի՞նչ շերտեր ունի...Թուրքիան միայն Ստամբուլն ու Իզմիրը չե՛ն, որտեղի շքեղ հյուրանոցներում հայաստանցի գրանտակերները գնան մասնակցեն, շոփինգ անեն, վերադառնան ու ասեն՝ թուրքը իմ թշնամին չէ: Թուրքիան ա՛յլ պետություն է, որը մենք չգիտենք, չենք ճանաչում...խոսքը՝ մեծամասնությա՛ն մասին է: Ասել կուզի՝ թուրքը մեր թշնամին է, թե ոչ՝ շատ արհեստական օրակարգ է, քաղաքականապես ոչ հասուն, որովհետև, անկեղծ ասած՝ որպես իմ ու թուրք ժողովրդի պատմության ու քաղաքականության գիտակ՝ հստակ կարող եմ պնդել, որ թուրքը պիտի երազի՛ որ հայը լինի իր թշնամին: Սա ազգային սնապարծություն չէ, սա ազգային գենետիկ կոդ է, որովհետև մենք ամեն ազգի թշնամի չե՛նք համարում, մենք արժեք ստեղծող ազգ ենք, ոչ թե թշնամու կերպարի վրա ինքնություն կառուցող: Այդ նույն հարցը տվեք թուրքին ու իմացեք՝ ո՞վ է նրա թշնամին: Վերջին հարցախույզների արդյու՛նքը նայեք՝ 89 տոկոսը համարում է, որ հայությունն ու Հայաստանը Թուրքիայի ու թուրքի թշնամին են: Չեմ ուզում վերլուծել տվյալները, պատմությունից օրինակներ բերել ու քննարկել, որովհետև նշեցի՝ սա արհեստական հարց է և խնդրին, կարծում եմ, պետք է ա՛յլ դիտանկյունից մոտենալ: Հայկական ընկալումն ուրիշ բան է, հայաստանյան ուրիշ: Երկու դեպքում էլ երկու ծայրահեղական մոտեցում կա՝ թուրքը կամ շուն է, տգետ, քոչվոր, պիղծ ու ցեղասպանություն իրականացնող, կամ էլ՝ առաջադեմ ու չգիտեմ ինչ: 85 միլիոնանոց ժողովրդի մասին դատողություն անող գուրուների կարծիքի վրա չե՛մ համարձակվի փոշի դնել, բայց Թուրքիայում նույնպես կարող են մեր մասին այդպիսի դատողություններ անել: Ի սեր Աստծո, ասածս ոչ թե գիտական օբյեկտիվություն պահելու կամ հումանիզմ խաղալու՛ն է վերաբերվում, այլ նրան, որ պետք է դուրս գանք ազգերի ու ժողովուրդների մասին ընդհանրական գնահատականներ տալու սովորույթից, դա, համենայնդեպս, շեղու՛մ է մեզ մեր գլխավոր խնդրից՝ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության օրակարգից»,– ասել է նա: Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Թուրքիան Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է, քանի որ՝ ապակայունացնող դեր ունի տարածաշրջանում, հակահայկականություն է սերմանում՝ դպրոցից մինչև պետական ինստիտուտներ, Ադրբեջանի ոճրագործությունների ու հակաարցախյան պատերազմի ակտիվ հովանավորն է, փակե՛լ է Հայաստանի հետ սահմանը, ուրանում է ցեղասպանությունը, չի ապաշխարում, չի պատրաստվում՝ վստահություն ներշնչող քայլեր ձեռնարկել: Սա քաղաքական հենց այն ռացիոնալիզմն է, որը պետք է գիտակցել և դրանով առաջնորդվել: Այսքանի մեծ մասն ամրագրված է մեր պետության ազգային անվտանգության ռազմավարությունում, բայց, չգիտես ինչու, գործող իշխանությունն ուզում է ավելի խելոք երևալ ու քաղաքական մարմնավաճառի պես՝ Հայաստանի անվտանգությունն առաջարկել Թուրքիային՝ մեկ հայտարարելով, որ պատրաստ է մոտեցում փոխել, մեկ ասելով՝ Թուրքիա՛ն պիտի քայլ առնի: «Խենթանոցու՛մ անգամ հստակ մոտեցումներ ունեն այսպիսի զգայուն ու կենսական հարցերի վերաբերյալ: Բայց արի ու տես, որ Փաշինյանն ու ուսապարկերը ա՛յլ մոտեցում ունեն, ընդ որում՝ անհասկանալի, կիսատ, թերի՝ իրենց քաղաքականության նման: Իշխանությունը եթե լավ բա՛ն է ուզում անել, թող մտածի Թուրքիա պետությունն ուսումնասիրելու մասին, թող իր հայտնի ՊՈԱԿ-ին հանձնարարի՝ աշխատանք տանել, տեղեկագրեր կազմել, ոչ թե ֆեյսբուքում ընտրություններին պատրաստվեն...թող մտածի, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ նման չհաշվարկված քայլի պատճառով ավելի վա՛տ դրության մեջ է դնելու Հայաստանն ու հայ ժողովրդին, որը, էլի՛ եմ կրկնում, շատ ավելի բարձր է, քան ինչ–որ ժողովրդի համարի թշնամի կամ ապրի թշնամու վախով: Չպետք է թերագնահատել կամ գերագնահատել հարևանին կամ թշնամուն, պետք է իրատեսորե՛ն գնահատել, հասկանալ նրա ներուժը, ամրապնդել սեփականը և աշխատել սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ: Ինձ համար կա պարզ ճշմարտություն՝ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքն են: Մի քանի առիթ ունեցել եմ ասելու և բաց հայտարարելու՝ այո, էությամբ, գիտակցությամբ, գեներով, կենցաղով, գործունեությամբ, մտածողությամբ՝ ես աշխատում եմ հանուն Հայաստանի և այս պարագայում՝ ընդդեմ Թուրքիա և Ադրբեջան պետությունների: Կներե՞մ թուրքին, թե՞ ոչ...շատ անհատական ընկալման հարց է: Ես՝ ոչ: Աշխարհաքաղաքական մշուշոտ իրականություն ու անորոշություն է տարածաշրջանում: Խնդիրներին պետք է մոտենալ ոչ թե պատրանքային խաղաղության, այլ մեր պետության ռազմաքաղաքական անվտանգության զարգացման դիրքերից»,– ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր