00:00:00

Հանգուցալուծո՞ւմ, թե՞ ելք ՀՀԿ-ով

17:11, 29 ապրիլ 2018

Երեկանից հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծվել է նոր իրավիճակ: «Կամ ես կլինեմ վարչապետի թեկնածու, կամ ոչ ոք չի լինելու»: Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ըստ էության կյանքի կոչվեց: Խորհրդարանական խմբակցություններից «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու, ավելին սատարելու են  ժողովրդի թեկնածուին: Այլ կերպ ասած, ըստ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, (ով ի դեպ Մոսկվայից ժամանելուց րոպեներ անց է նման հայտարարություն արել), իրենց խմբակցությունը սատարելու է Նիկոլ Փաշինյանին: Թեկնածու չունի նաեւ վերջերս ՀՀԿ-ից քաղաքական ապահարզան ստացած ՀՅԴ-ն: Դաշնակցական առանձին գործիչներ եւս հայտարարել են, որ պատրաստ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Մնում է ՀՀԿ-ն: Իշխող մեծամասնությունը եւս վարչապետի թեկնածու չի ունենա: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասել  է, որ իրենք ապրիլի 30-ին կհայտարարեն իրենց դիրքորոշումը՝ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ: Ըստ էության հերթական անգամ իրավիճակի հանգուցալուծումը, կամ  կտրուկ փոփոխությունը կախված է Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժից: Տարբեր վարկածներ են շրջանառվում ՀՀԿ-ի քվեարկության հետ կապված: Ոմանք պնդում են, որ ՀՀԿ-ն տապալված է, եւ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին: Մյուսները այն կարծիքին են, որ նրանք ամբողջ կազմով կբոյկոտեն քվեարկությունը եւ չեն ընտրի Նիկոլ Փաշինյանին: Վարչապետին ընտրելու համար անհրաժեշտ է 53 ձայն: Ելք»- ի հետ միասին «ժողովրդի վարչապետի թեկնածուն» արդեն ունի 40 ձայն: («Ծառուկյան» դաշինք- 31, «ԵԼՔ»- 9 մանդատ): Հաշվի առնելով,որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից կարելի է ենթադրել,որ իր 7 ձայները նույնպես կտա «ժողովրդի թեկնածուին, արդյունքում ստացվում է 47:  Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է եւս վեց ձայն: Սակայն հաշվի առնելով, որ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներից ոմանք եւս չեն ենթարկվի իրենց առաջնորդի կոչին, ապա ենթադրելի է, որ այս պահին քվեարկության ելքը կախված է ՀՀԿ-ից: Ի՞նչ որոշում է կայացնելու Սերժ Սարգսյանը: Արդյո՞ք նա կմերժի ՀՀԿ-ին, այնպես, ինչպես ժողովուրդը մերժեց նրան: Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով ՀՀԿ-ն կդադարի որպես քաղաքական ուժ լինելուց: Սա պե՞տք է Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, միանշանակ դժվար է ասել: Իրադարձությունները երկրում անկախատեսելի զարգացումներ են ունենում: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի լծակներով արտահերթ խորհրդարանական ընտրությունների չի գնա, քանզի քաջ գիտակցում է, որ այդ պարագայում անգամ ԱԺ-ում որպես փոքրամասնություն ներկայացված չի լինի: Մայիսի մեկը կարող է դառնալ ոչ թե հանգուցալուծման օր, այլ սկիզբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ՀՀԿ լծակով: ՀՀԿ-ն ակնհայտ է, որ ունի պլան Բ. տապալել քվեարկությունը, կամ սատարել վարչապետի այլընտրանքային թեկնածուին: Իսկ այդպիսի թեկնածուի առաջադրումը առավել քան հավանական է, առավել եւս, որ առաջադրումների վերջնաժամկետը վաղն է: Irakanum.am    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր