00:00:00

Զերծ մնալ վիրավորանքի, հայհոյանքի կիրառումից, ատելության մթնոլորտից. ՀԿ-ների կոչը

15:01, 30 մարտ 2021

Քաղաքացիական հասարակության 4 կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին զերծ մնալ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումից, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումից,  վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումից: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք, քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչներս,  խիստ մտահոգված ենք  Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը։ Քաղաքական հակառակորդների և նրանց աջակիցների նկատմամբ վիրավորական պիտակների և հայհոյանքների կիրառումը, դավադրապաշտական տեսությունների, կեղծիքի և ապատեղեկատվության տարածումը,  վախի և փոխադարձ ատելության մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն անհամատեղելի են ժողովրդավարության և արդար ընտրութնունների անցկացման սկզբունքներին։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Քաղաքացիներն արժանի են բազմակարծության և կարծիքի հարգանքի հիման վրա քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ ունենալ, որը նրանց հնարավորություն կտա  ընտրություն կատարել՝ ճշգրիտ պատկերացում ունենալով համակարգային ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից ստեղծված առաջարկվող լուծումների և նրանց կարողությունների մասին։ Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող  վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ և արդար ընտրությունների իրականացման համար,  լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր