00:00:00

Հետպատերազմյան Հայաստանում ակադեմիական քաղաքի գաղափարի մասին խոսելն իրատեսական չէ. պատգամավոր

22:17, 29 մարտ 2021

Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դրական է համարում, բայց հետպատերազմյան Հայաստանում՝ ոչ իրատեսական։ «Պատերազմից հետո այդ գաղափարի իրականացումը շատ մեծ ծախսեր է ենթադրում, առանձին քաղաք հիմնելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու համար ներդրումներ են պահանջվում եւ, ենթադրվում է, որ նմանատիպ ծրագրերը պիտի նաեւ արտասահմանյան ներդրումներ ներգրավեն, ինչը հայաստանյան այս  իրավիճակում մի քիչ  խելամիտ չէ, որովհետեւ վստահությունը իշխանությունների հանդեպ մեծ չէ, հետեւաբար  պետության նկատմամբ եւս մեծ չէ,  ու ես չեմ պատկերացնում, թե այդպիսի մեծ ներդրումներն ինչպես կարող են իրականացվել, եւ եթե դա ուզում են անել հայաստանյան ֆինանսների հաշվին, նշանակում է ինչ–որ տեղից պետք է պոկեն դնեն այդտեղ»,– ասաց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամը։ Նշենք, որ նախօրեին, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ hանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գաղափար ունեն Երեւանի  բուհերի մեծամասնության շենքերը  հանել վաճառքի, ստացված գումարներից Երեւանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք։ «Այսօր մեր թերզարգացած բարձրագույն կրթական համակարգի  պայմաններում խոսել նման մեծամասշտաբ ծրագրերի մասին, այսինքն՝ միայն շենքերը վաճառելով եւ մարզային համայնքներում տանելով բուհական քաղաքներ սարքելով չէ, դա հեռանկարային մեծ ծրագիր պետք է լինի, կրթության ոլորտի զարգացման   ռազմավարություն պետք է մշակվի, եթե կա այդպիսի ռազմավարություն, լավ կլիներ, որ այն հավուր պատշաճի ներկայացվեր, բայց քանի դեռ չի  ներկայացվել, այդպես օդում, հատվածական խոսել մի բանից, որից մարզային շրջաններում մարդիկ գաղափար չունեն եւ կարող են շոկի ենթարկվել, չհասկանալով, թե ինչի մասին է  խոսքը, միանգամից կտրուկ այդ գաղափարի մասին խոսելը հետպատերազմյան Հայաստանում իրատեսական չեմ համարում, գաղափարը լավն է, բայց առնվազն 5–ից 10 տարի դրա իրագործումը  չեմ պատկերացնում»,– նշեց պատգամավորը։ Աննա Կոստանյանը մասնավորեցրեց Թաթարստանում գործող Իննոպոլիսի օրինակով, որը  տեղեկատվական տեխնոլոգիաների ավան է, եւ,  ըստ պատգամավորի՝ կառուցվել է  խաղաղ պայմաններում ու մեծ ներդրումներ է պահանջել։ «Այն նոր ենթակառուցվածքներով քաղաք է,  բնակավայր,  որն ամեն ինչով հագեցված է, սա խոշոր ծրագիր է, որին այս պահին  չեմ պատկերացնում՝ Հայաստանը պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Եթե նպատակ կա բուհական համակարգը քանդելու, օրինակ, բուհերի շենքերից ազատվելու, ապա ես այստեղ կարող եմ վատ միտում տեսնել, իհարկե, դեռեւս երկու–երեք տարի առաջ քննարկումներ էին գնում  որոշակի ակադեմիական շենքերից ազատվելու առումով, եթե ծրագիրը սա է, դա լավ չէ, բայց խելամիտ չէ այս իրավիճակում խոսել դրա մասին։ Բացատրեք՝ ինչի մասին է խոսքը, ներկայացրեք ռազմավարական ծրագիրը, հետո դրա իրատեսական լինելու մասին կխոսենք»,–  նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։ Աննա Կոստանյանը ենթադրում է, որ վարչապետի հայտարարությունը տարածքային համաչափ զարգացման համատեքստում էր, եւ Երեւանից ապակենտրոնացվածությունը ցրելը, սակայն հայտարարությունից հասկանալի չէր, թե, օրինակ, ինչի համար է դա արվում, ինչ ժամկետում, ինչ ֆինանսական միջոցներով եւ, հնարավոր է, դրա արդյունքում ինչ–որ բան տուժի։ Ակադեմիական քաղաք ունենալն ըստ Կոստանյանի՝ ենթադրում է, որ կրթության գինը կբարձրանա,  որովհետեւ անհրաժեշտ կլինի  նոր մասնագետների ներգրավել, ինչպես նաեւ ենթակառուցվածքներ կառուցել, որտեղ երիտասարդները  կապրեն եւ կսովորեն։ «Սա հերթական ժողովրդահաճո, մի փոքր էլ ժողովրդի ականջին տարօրինակ հնչող  հայտարարություն էր,  որի միջոցով իրենք փորձում են ցույց տալ, որ մեծ ռեֆորմների են պատրաստ, ոչ ավելին։ Եվ եթե այս հայտարարությունը հիմնված լիներ կոնկրետ հաշվարկի եւ ծրագրերի վրա, ապա այդ դեպքում կարող էր ինչ–որ տեղ հույս ներշնչել, որ մարդիկ իրապես ռեֆորմի են պատրաստ, բայց եթե չկա, ապա ես կարող եմ որակել որպես հերթական պոպուլիստական հայտարարություն»,– ամփոփեց Աննա Կոստանյանը։ Նշենք, որ ակադեմիական քաղաքներ կան, օրինակ՝ ՌԴ-ում եւ Ուկրաինայում, դրանք քաղաք-արբանյակներ են, որոնք հատուկ ստեղծվել են տարածաշրջանային գիտական կենտրոնների համար, դրանցում կառուցված են բնակելի շենքեր՝ գիտական եւ ուղեկից հիմնարկությունների աշխատակիցների համար, ենթակառուցվածքներ։ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում խոշորագույն գիտակրթական կենտրոններն (Օքսֆորդ, Հարվարդ) ակադեմիական քաղաքներ չեն կոչվում, դրանք ավելի շատ հարմարեցված են ուսանողների բնակության ու կրթության համար, ապահովված են բարձրագույն եւ հետբուհական կրթության ու գիտական աշխատանքի, ժամանցի եւ կենցաղի անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու հարմարություններով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր