00:00:00

Գործող իշխանությունների նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը. Մակունցը ճեպազրույցն ընդհատեց եւ հեռացավ

13:10, 23 մարտ 2021

Գործող իշխանությունների նախընտրական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ դա ակնհայտ է: Ցուցակում տեղ գտնող այլ անունների մասին քննարկումներ եւ հրապարակումներ անելը նա վաղ համարեց: Երբ լրագրողներից ոմանք փորձեցին պարզել, թե ինչու այլ անձ չի գլխավորելու ցուցակը՝ Մակունցը դադարեցրեց ճեպազրույցը՝ նշելով, որ հարցերն իրենց մեջ վիրավորանքներ ու պիտակավորումներ են պարունակում: Մինչ այդ նա անդրադարձել էր նաեւ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին: Հարցին՝ ի՞նչ որոշում ունի իշխանությունը՝ օրենսգիրքը փոփոխելուց հետո՞ գնալ ընտրությունների, թե՞ հակառակը, Մակունցը պատասխանեց. ««Իմ քայլը» խմբակցությունը հակված է «Ընտրական օրենսգրքում» ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելու փոփոխությունը ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն, այս պահին քննարկումներ են ընթանում»: Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ եթե խաղի կեսից կանոններ փոխվեն՝ ասել է թե փոխվի գործող օրենսգիրքը, ապա մինչ այս եղած պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: «Երբ հասկանանք՝ ինչ են իրենց մեջ ներառում այդ պայմանավորվածությունները, այդ ժամանակ ես ինքս կմեկնաբանեմ: Քանի որ չեմ լսել պարոն Մարուքյանից, թե ինչ նա նկատի ունի, չեմ կարող մեկնաբանել»,- արձագանքեց իշխանական խմբակցության ղեկավարը: Հարց հնչեց նաեւ, թե իշխանությունը մտադիր է «Ընտրական օրենսգրքում» այս պահին փոփոխել միայն ամբողջական համամասնական ընտրակարգի անցնելու դրո՞ւյթը, թե՞ ամբողջ նախագիծը, որը շրջանառության մեջ է դրված: «ԸՕ փոփոխությունները բավականին մեծ փոփոխություններ են ենթադրում իրենց մեջ, եւ այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, որովհետեւ նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությոնները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»,- ասաց նա: Այսինքն հնարավոր է միայն համամասնականի դրո՞ւյթը փոխվի՝ փորձեց ճշտել լրագրողը. «Այս պահին վերջնական ոչինչ չասեմ»,- պատասխանեց Մակունցը: Խոսելով ընտրությունների համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության մասին՝ նա ընդգծեց. «Եթե կա անհրաժեշտություն արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, իսկ այդ առումով գրեթե ամբողջ քաղաքական դաշտն ունի կոնսենսուս, կարծում եմ կհայթայթվեն: Ես այն անձը չեմ, որ պետք է պատասխանի այդ հարցին»: Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ քննարկումներից հետո մարտի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր