5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Գիտեք, որ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Այս մասին Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ ներկաներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, թե ինչպիսի ելույթներ ու կոչեր են հնչում: Ես գիտեմ, որ շատերը այս իրադրության հետ կապված ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ, ունեն պահանջներ: Բայց ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել այն վիճակը, որն ունենք Հայաստանում, դա աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից:
Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունհը մեծացնում են: Բայց մենք կարողացել ենք խուսափել քաղաքացիական բախումներից: Սա չափազանց մեծ ձեռքբերում է: Եվ պետք է արձանագրել, որ սա ժողովրդի ձեռքբերումն է: Առաջին հերթին ժողովուրդը թույլ չի տվել: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների, սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում:
Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները ձերբակալում են, տանում են կալանավորելու, նրանք ասում են ոչինչ գնացեք, և շարունակեք ձեր առաքելությունը:
Ես գիտեմ, որ այս պահին ձեր մոտ ծագում է հաջորդ հարցը, իսկ ինչու մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որովհետև շատ արդարացի և ճիշտ հարց է: Ես հասկանում եմ, որ պետք է այս հարցին պատասխանենք և ինչն է պատճառը, որ նրանք դեռևս կան: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք: 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել: Մենք ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու: Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրն այս պրոցեսի մեջ ունենալու է իր հնարավորությունը, իր շանսը, և մենք սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը:
Քաղաքական առումով, գուցե, սա հիմա պարզվում է մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով մենք չէինք կարող այդ պարտավորությունը ստանձնել և չկատարել: Ուզում եմ նաև ասել, որ մեր հեղափոխության հիմքում դրված են եղել քրիստոնեական արժեքները և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի, այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, չեն հագեցել Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով: Եվ այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ. «Որովհետև նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցն իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձևը»,- հայտարարեց վարչապետը: