Եվրոպական միությունը սահմանների բացմանը զուգընթաց կձգտի հասնել երրորդ երկրների հետ «կորոնավիրուսային» վկայականների փոխադարձ ճանաչման, Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ աղբյուրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աղբյուրը պարզաբանել է, որ կա վկայականների եվրոպական համակարգը երրորդ երկրների համակարգերի հետ համատեղելու հնարավորություն: «Մենք բացում ենք այս գործիքը ամբողջ աշխարհի համար: Աստիճանաբար ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրներ ճանապարհորդելու հնարավորություններ կբացվեն, այսինքն հնարավոր կլինի մեր համակարգը միացնել այն երրորդ երկրների համակարգերի հետ, որոնք պահպանում են մեզ մոտ գործող նորմերը: Մենք այս ուղղությամբ աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԱՀԿ-ն»,- նշել է աղբյուրը:
Նա հավելել է, որ ժամանակի ընթացքում ԵՄ երկրները կկարողանան ընդլայնել պատվաստանյութերի ցուցակը «կորոնավիրուսային» վկայականում, նույնիսկ ԵՄ-ում դեռ չարտոնված պատվաստանյութերի հաշվին: «Պետությունները կկարողանան ընդլայնել պատվաստանյութերի ցուցակը` ներառելով այն պատվաստանյութերը, որոնք դեռ չեն հաստատվել ԵՄ-ում»,- ասել է նա: