00:00:00

Ժամանակավոր կառավարության ձեւավորումը նախընտրելի է. Դեմկուս

01:15, 28 ապրիլ 2018

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է  տարածել։ «Նկատի ունենալով, որ շարժման գլխավոր նպատակը համակարգից ազատվելն է, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է, այդ ճանապարհին հրամայական է դառնում միմիայն ճշգրիտ քայլեր իրականացնելը: Գտնում ենք, եթե որպես շարժման եւ պայքարի առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը, ով վայելում է հանրության վստահությունը, պատրաստ է  ընտրվել ՀՀ վարչապետ, այս դժվար պահին ստանձնել պատասխանատվություն,  ապա 1. Վարչապետ ընտրվելուց հետո, Ազգային Ժողովը 20 օրվա ընթացքում պետք է փոփոխություններ կատարի մի շարք օրենքներում, անդրադառնալով նաեւ Ազգային Անվտանգության Խորհրդի ձեւավորման սկզբունքներին: Վերանայի ԱԱԽ կազմը, նրանում ներգրավելով հանրապետության Նախագահին եւ այն դարձնի նրան կից գործող մարմին: ԱԱԽ-ն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, կվերահսկի եւ կհամակարգի բոլոր գերատեսչությունների գործողությունները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պետական, ազգային անվտանգությունը: 2. Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու փուլում հրավիրել կլոր սեղան՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ԽՈՐՀՈՒՐԴ, ուր մասնակիցները կպայմանավորվեն նոր քաղաքական միջավայրում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պայմանների վերաբերյալ: Խորհրդի աշխատանքի արդյունքը պետք է ամրագրվի համաձայնության փաստաթղթում: 3. Ժամանակավոր կառավարության ձեւավորումը նախընտրելի է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի որեւէ քաղաքական միավոր ընտրությունների ընթացքում չօգտագործի ադմինիստրատիվ լծակները: 4. Հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրության, եթե գործող վարչապետը քաղաքական կառույցի ղեկավար է, պարտավոր է արձակուրդ ձեւակերպել մինչեւ ընտրությունների ավարտը, առաջարկում ենք վարչապետի պաշտոնակատար նշանակել ապաքաղաքական կառավարող, այսպես ասած՝ տեխնիկական վարչապետ: Դա ավելի կբարձրացնի վստահության ձողը ընտրությունների ընթացքի եւ արդյունքների նկատմամբ: Այս առաջարկները թելադրված են այն մտահոգությամբ, որ գործող համակարգի ներկայացուցիչները դեռ չեն հրաժարվել ռեւանշ վերցնելու տրամադրությունից եւ որ անընդունելի կլինի մեկ այլ տեսակի անվերահսկելի իշխանության ի հայտ գալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր