00:00:00

Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանին

23:57, 16 մարտ 2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանին՝ ներկայացնելով Հայաստանում կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր, ոլորտային զարգացումներն ու հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը։
Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է հանձնաժողովի ամենամյա նստաշրջանների կարևոր դերը՝ կանանց իրավունքների առաջխաղացման և վերջիններիս հանդեպ խտրականության բացառմանն առնչվող հարցերի քննարկման համատեքստում։ Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում տեղահանված անձանց, մասնավորապես` կանանց սոցիալական աջակցության ծրագրերին, կարևորվել վերջիններիս կացարանով ապահովման, սոցիալ-հոգեբանական, առողջապահական և այլ ծառայությունների տրամադրման գործընթացը։ «Այժմ տարատեսակ արտոնություններ են սահմանվում փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվող կանանց համար, մարզերում ստեղծվում են «Կանանց ռեսուրս կենտրոններ», որոնք նպատակ ունեն հզորացնել գյուղաբնակ կանանց կարողությունները։ Մեզ համար կարևոր է նաև կանանց և աղջիկների ակտիվ ներգրավումը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների /ICT/ ոլորտում, որտեղ ունենք մեծ առաջընթաց։ Ի դեպ, վերջին տարիներին կանանց և աղջիկների ընդգրկվածությունը  ICT ոլորտում կազմել է  37%, և այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է աշխարհում»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։ Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար մասնագիտական ուսուցման, ինչպես նաև երեխայի խնամքին զուգահեռ՝ նրանց աշխատանքով ապահովելու աջակցության ծրագրերի իրականացումը․ «Հայաստանի համար էական խնդիրներից է կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովումը՝ գենդերային բաղադրիչի ներառմամբ, ինչը համահունչ է ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ստեղծման ուղին որդեգրած երկրի քաղաքականությանը»,- շեշտել է Տաթևիկ Ստեփանյանը։ Նախարարությունը հիշեցնում է, որ 2018 թ. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ 2019-2023 թթ. hամար: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը երկրորդ տարին անընդմեջ նախագահում է կանանց հարցերով կարևորագույն այս կառույցը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր