00:00:00

Գնաճը դեռ որոշակիորեն կբարձրանա, բայց այն կարճաժամկետ բնույթ կկրի. Կենտրոնական բանկի նախագահ

00:43, 17 մարտ 2021 Տնտեսություն

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 5.5 տոկոս: Թեմայի վերաբերյալ այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ անգամ կատարված փոփոխությունը ի՞նչ էֆեկտ է տվել, որ հիմա այն դարձյալ պահպանվում է։ Հարցրինք նաեւ, թե ի՞նչ գործիքակազմ է կիրառվել գնաճը զսպելու համար եւ դա որքանո՞վ է ազդել ներկայի գնաճի վրա, քանի որ միայն սննդամթերքի գնաճը փետրվարին 8.1 տոկոս է կազմել, իսկ տնտեսական ոլորտի բոլոր մարմինները այս հարցի լուծումը տեսնում են ԿԲ գործիքակազմում:
Մարտին Գալստյանն ասաց, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գնաճի վերահսկման քաղաքականությունը՝ միտված է ապագային: ԿԲ-ի կողմից իր հիմնական գործիքի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կիրառումը ապագա գների վրա ազդեցություն ունի:
«Այն ազդեցություն ունի նաեւ մի կոմպոնենտի վրա, որը կյանքում մենք չենք տեսնում, քանի որ շոշափելի չէ, բայց շատ կարեւոր է, խոսքը գնաճային սպասումների մասին է: 2020-ի դեկտեմբերին, երբ ՀՀ-ում գնաճը 1.3 տոկոս էր, Կենտրոնական բանկը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ՝ 1 տոկոսով միանգամից բարձրացնել: Այդ հանդիպման ընթացքում մենք փորձեցինք հանրությանն ազդակ հաղորդել, որ մենք տեսնում ենք տնտեսությունում կուտակվող եւ դրսեւորվող գնաճային ռիսկեր, որոնք ի հայտ են գալու որոշակի ժամանակ հետո»,- ասաց նա: Գալստյանն ընդգծեց, որ Կենտրոնական բանկը հավատարիմ լինելով իր որդեգրած քաղաքականությանը՝ դեկտեմբեր ամսից արդեն փորձում էր արձագանքել ՀԺ-ի կողմից մատնանշված փետրվարի գների թանկացումներին: «Մենք փորձում էինք խարսխել գնաճային սպասումները, նշելով, որ ԿԲ-ն իր մանդատի ներքո անելու է ամեն ինչ, որ ՀՀ-ում գների մակարդակը պահպանվի այն թիրախի շուրջ, որը մենք ունենք»,- նշեց ԿԲ նախագահը: Նրա կարծիքով՝ գնաճը դեռ որոշակիորեն կբարձրանա, որովհետեւ դեռ տեսնում են այդ պոտենցիալը: Ըստ նրա տոկոսադրույքի ներկա մակարդակը համապատասխանում է ԿԲ-ի կողմից որդեգրված քաղաքականությանը եւ ԿԲ-ն այսօր տոկոսադրույք բարձրացնելով չի կարող ազդել ներկա գնաճի վրա: Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ն ձեռնպահ մնաց այս անգամ տոկոսադրույք փոխելուց՝ հենց այդ պատճառով, որովհետեւ իրեց կարծիքով գնաճի փոփոխություն տեղի է ունենալու, բայց այն կարճաժամկետ բնույթ է կրելու: «Մեր եւ հասարակության միջեւ ձեւավորված երկխոսությունը մեզ հույս է ներշնչում, որ մենք մեր ազդակներով կկարողանանք գնաճային սպասումները պահել խարսխված, որը թույլ կտա մեզ առանց հասարակության համար հավելյալ ծախսեր ստեղծելու՝ այս իրավիճակը հանգիստ հաղթահարել ու մյուս տարի ունենալ այն, ինչ պարբերաբար ունենում ենք»,- ասաց ԿԲ նախագահը: Նա 2 դիտարկում արեց. նախ նշեց, որ տարիներ շարունակ՝ 2014-15 թվականից սկսած, երբ ԿԲ-ն վարում էր ցածր գնաճի քաղաքականություն՝ պատրաստվում էին այսօրվան. «Մենք խարսխում էինք մեր հասարակության սպասումները ու մարդկանց մոտ ստեղծում էինք հավատ առ այն, որ երբ գա այն պահը, որ անհրաժեշտ լինի ԿԲ-ի միջամտությունը՝ ԿԲ-ն այդ միջամտությունն անելու է ու անպայմանորեն գնաճը բերելու է այն թիրախային մակարդակի, որն այսօր ունենք»: Գալստյանը հիշեց, որ պատերազմի ժամանակ հարց էր հնչել, թե ինչ է մտածում Կենտրոնական բանկը այն մասին, որ ազգաբնակչությունը ավանդները հանում է բանկերից, իսկ իրենք ի պատասխան կոչ էին արել դա չանել, քանի որ դրանով մարդիկ իրենք իրենց են վնասում. «Հիմա ինչո՞ւ եմ ես լավահույս մեր երկխոսության հետ կապված: Նախորդ տարվա 7.6 տոկոս տնտեսական անկումից հետո, երբ տնային տնտեսությունների եկամուտները որոշակիորեն նվազել էին, մենք արդեն այս տարվա ընթացքում ունենք խզումների նորմալ մակարդակ ու ունենք բանկերում ավանդների աճ»: ԿԲ Մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանն էլ անդրադարձավ դեկտեմբերին առաջարկի գործոններով պայմանավորված ԿԲ-ի կողմից կանխատեսված գնաճին ասաց. «Կուզեի բացատրել, թե կոնկրետ ինչ նկատի ունենք առաջարկի գործոններ ասելով: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ինդեքսը (FAO) մոտավորապես տարեկան 15 տոկոս աճել է: Դա սննդի եւ այլ ապրանքների վրա ազդող միջազգային գինն է: Օրինակ՝ յուղերը մոտավորապես 25 տոկոսով աճել են եւ դա բնականաբար մեծ դեր է խաղացել նաեւ մեր գնաճի մեջ»: Նուրբեկյանի խոսքով ԿԲ-ի քաղաքականությունը ուղղված է լինելու չեզոքացնելու գնաճային սպասումները եւ ոչ թե փաստացի գնաճը. «Մենք կամայական գնաճային սպասումների արագացման ռիսկին կարձագանքենք՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը: Դա նշանակում է, որ մենք ինչպես միշտ փորձելու ենք բալանսավորված քաղաքականություն տանել»: Նա ընդգծեց՝ եթե տեսնեն, որ գնաճային սպասումներն ապախարսխվում են, կարող է նաեւ ավելի կտրուկ բաներ անեն. «Ձեր նշած սննդի գները բնականաբար հնարավոր է զսպել, բայց դրա գինը պահանջարկի տեսքով կարող է լինել շատ բարձր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր