ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որոշ դեպքերում օրենքում առկա են թերացումներ:
Այդ նախագծով գործադիրը հստակեցնում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված քրեական պատասխանատվության սկզբունքը:
«Դրանք հնարավորություն չեն ընձեռում պայքար վարել հատկապես այն դեպքերում, երբ դա զուգակցվում է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության հետ», - ասաց նախարարը: «Միաժամանակ, վեր են հանվել մի շարք այլ հոդվածներում ևս առկա թերացումներ, մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության հետ կապված թերացումներ, որոնք ևս շտկվելու են», - նշեց նախարարը:
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի համար քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ առկա են հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նախատեսված պայմանները միաժամանակ: Մինչդեռ հոդվածի դիսպոզիցիայում առկա ոչ հստակ ձևակերպման պայմաններում արարքը որակելը դառնում է խնդրահարույց այն դեպքերում, երբ հանցագործության սուբյեկտը պաշտոնատար անձ չէ», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:
Irakanum.am