00:00:00

Տավարաբուծության պետական ծրագրի իրականացման գործընթացում հայտնաբերված խախտումների փաստերով նյութեր կնախապատրաստվեն

21:49, 27 ապրիլ 2018

ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել է 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությում իրականացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի ստուգման արդյունքները,  որոնցով արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր: Պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից մասամբ են հաշվի առնվել երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի պատշաճ իրականացման համար չեն կիրառվել համապատասխան հսկողական մեխանիզմներ: Արդյունքում, մի շարք դեպքերում ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլև վերջիններիս մոտ ընդհանրապես առկա չեն ծրագրով ձեռքբերված երինջները: Մասնավորապես Ֆիզիկական անձ Ա. Մ.-ն (գործունեության վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ), 2015թվականին ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել: Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 5 մլն. 674 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 5 գլուխ երինջ և ձեռքբերված երիջները շահառուի մոտ առկա չեն: Ֆիզիկական անձ Գ. Հ.-ն, (գործ. վայրը՝ ՀՀ Արարատի մարզ), 2016թ.-ին ձեռք է բերել 46 մլն. 531. հազ դրամ ընդհանուր արժողությամբ 41 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել այն պարագայում, որ  ձեռքբերված 41 գլուխ երինջները շահառուի մոտ առկա չեն: Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Արարատի մարզերի դատախազություններ: Վերահսկիչ պալատից ստացված նյութերում առկա են նաև պարտավորությունների չկատարման բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով ուսումնասիրությունները շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր