00:00:00

Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին. ՄԻՊ

16:33, 01 մարտ 2021

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Դիրքորոշումները՝ ստորև.
«1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները: Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով: 2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում: 3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է: Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական: 4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը: 5.  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները: 6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ: 7.  Խաղաղ հավաքների ազատության  հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել: Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: 8.     Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա է մեր երկրի միջազգային պարտավորությունն է: 9.     Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը: Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար: 10.   Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը: 11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր: 12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է: 13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև: 14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ: Պետք է հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում: 15.  Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ: 16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին: Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝ կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ: 17.  Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին: Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը: 18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին: Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված  2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ: 19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում: Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ: 20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում: 21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր