00:00:00

Պատերազմի ժամանակ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները․ Կարեն Սարգսյան

14:12, 01 մարտ 2021

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Մարտի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն ընկալվում է որպես մարդասիրական առաքելություն: Այն իր մեջ ամբողջացնում է արտակարգ իրավիճակում կամ բնածին ու տեխնածին աղետների ժամանակ մարդկային կյանքի փրկության միջոցների ձեռնարկում, շրջակա միջավայրի, ինչպես նաև ունեցվածքի պահպանում: Այսօր էլ առանձնակի կարևորություն է տրվում քաղաքացիական պաշտպանության տեսակետից բնակչության ուսուցման գործընթացի ուսումնավարժություններին, վարժանքներին, դասընթացներին, պարապմունքներին և այլ տարատեսակ միջոցառումներին, որոնք միտված են արտակարգ իրավիճակի ժամանակ արագ և առանց խուճապի բնակչության տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը: Պատերազմը ցույց տվեց, որ այսուհետ է ՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք բնակչության պատսպարման համար պաշտպանական կառույցներով ապահովման և ապաստարանների կառուցման ու վերանորոգման հարցին: 44-օրյա պատերազմի ընթացքում բնակչության ժամանակին ազդարարման և տարհանման կազմակերպման արդյունքում հաջողվել է խաղաղ բնակչության շրջանում կորուստները հասցնել նվազագույնի: Այս առումով պլանային միջոցառումներից բացի, համագործակցում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելության հետ: Քաղաքացիական պաշտպանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ծառայության ամենօրյա գործունեության առանցքն են կազմում քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների կատարումը և այդ կապակցությամբ միջոցառումների անցկացումը: Պատերազմի ժամանակ ԱԻՊԾ-ն հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները: ՔՊ ընդհանուր համակարգում կազմակերպել է բնակչության տարհանումը վտանգավոր գոտիներից, թշնամու կողմից խոցված քաղաքացիական ու ռազմական օբյեկտներում իրականացրել է հրդեհաշիջման և փրկարարական անհետաձգելի վթարա-վերականգնողական աշխատանքներ, մարտական գործողությունների շրջաններից զոհվածների և վիրավորների տարհանման աշխատանքներ, Արցախի Հանրապետության տարածքը չլքած և չտարհանված բնակչության համակողմանի ապահովման խնդիրներ: Պատերազմի ավարտից հետո ԱԻՊԾ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացրել է անհետ կորածների որոնողական, ինչպես նաև զոհված զինծառայողների աճյունների տարհանման աշխատանքներ: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով, 2021 թվականին որոշվեց ստեղծել ԱՀ ներքին գործերի նախարարություն, որի մեջ ընդգրկվել են ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Շնորհավորում եմ ՔՊ ոլորտի բոլոր ծառայողներին, մաղթում, որ այսուհետ ծառայությունն իրականացնեն առանց տարերային աղետների ու արտակարգ իրավիճակների պայմաններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր