00:00:00

ՀՀ նախագահը դեռ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված

17:52, 27 փետրվար 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առայժմ որոշում չի կայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հետ կապված, սակայն որոշումը կհրապարակվի այսօր: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: «Դեռ որոշում չկա, սակայն այսօր առաջիկայում կհրապարակվի որոշումը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին առաջարկել է նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ ՀՀ նախագահն ստացել է առաջարկությունը, սակայն դեռևս չի ստորագրել: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է, որ իր լիազորություններն իրականացնելիս հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր ու կարգադրություններ, և կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»։ Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր