00:00:00

Հայաստանում «հեղաշրջումը» վկայում է, որ Հարավային Կովկասում ԵՄ աստղը մարում է. EUObserver

14:15, 27 փետրվար 2021

Հինգշաբթի (փետրվարի 25-ին) Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձի ընթացքում որևէ բռնի գործողություն տեղի չի ունեցել, այնուամենայնիվ դա Հարավային Կովկասում ԵՄ ազդեցությունը թուլացրեց առավել, քան երբևէ, գրում է բելգիական EUObserver-ը` անդրադառնալով ՀՀ գեներալիտետի` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Աղբյուրը հիշեցնում է, որ Փաշինյանն իրեն ուղղված պահանջը ռազմական հեղաշրջում է որակել` հայտարարելով, որ իշխանությունը պետք է պահել ժողովրդի ձեռքերում: «Բանակը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացներին, այն պետք է ենթարկվի ժողովրդին», - հայտարարել է Փաշինյանը՝ պահելով բարձրախոսն ու կանգնելով կնոջ ու երեխաների կողքին: Լարվածության գագաթնակետը հասել է այն բանից հետո, երբ մարտական ինքնաթիռը թռչել է ցուցարարների վրայով: Ինքնաթիռի` երկնքում հայտնվելը ուրախ արձագանք է առաջացրել Փաշինյանի աջակիցների հավաքի մասնակիցների շրջանում: Ինչ վերաբերում է նրա հակառակորդներին, որոնք ևս հանրահավք էին անցկացնում այդ օրը, ապա նրանք աղբատարներից բարիկադներ են կառուցել: Սակայն ուրբաթ առավոտյան ռազմական միջամտության կամ խաղաղ բնակիչների միջև բախումների մասին տեղեկություններ չեն ստացվել: Այնուհետև Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը «բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»: «Մենք ակնկալում ենք, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ ճանապարհով», - ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ զրույցում: Հայաստանի տարածաշրջանային թշնամին`Ադրբեջանը, չարախնդությամբ լի հայտարարություն է տարածել: «Հայաստանը երբեք այսպիսի ողբալի վիճակում չի եղել: Հենց նրա ղեկավարներն են նրան այս վիճակին հասցրել»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այնուամենայնիվ, Ադրբեջանի դաշնակից Թուրքիան դատապարտել է հայ զինվորականների գործողությունները: Եվրամիության ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդարտության կոչ են արել: «Մենք կոչ ենք անում բոլոր մասնակիցներին ... զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից և ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման», - ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ... խաղաղորեն նվազեցնել լարվածությունը», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Ենթադրվում էր, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է մերձենային Եվրամիությանը, այսպես կոչված, Արևելյան գործընկերության ծրագրի արդյունքում, որի իրագործումը մեկնարկել էր դեռ 2009-ին: Փոխարենը, Ռուսաստանն էր, որն այս ժամանակահատվածում զգալիորեն մեծացրեց իր ազդեցությունը: Մինչ այժմ հինգշաբթի օրվա իրադարձություններին Ռուսաստանի ներգրավվածության մասին ապացույց չկա: Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր ռազմաբազան հայկական Գյումրի քաղաքում, որտեղ արդեն տեղակայված է 3000 ռուսական զորք: Բացի այդ, Մոսկվան վերջերս 2000 զինծառայող է ուղարկել  Լեռնային Ղարաբաղ`խաղաղություն պահպանելու համար: Լեռնային Ղարաբաղում կրած պարտությունը բախման հիմնական պատճառն է Փաշինյանի և զինված ուժերի ղեկավարների հետ, որոնց մի մասին նա վերջերս աշխատանքից հեռացրել է: Բացի այդ, Փաշինյանը քննադատել է ռուսական «Իսկանդեր» հրթիռները, քանի որ Լեղնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ արձակված հրթիռները, ըստ նրա, «ընդհանրապես չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:
Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս հայտարարությունից հետո հստակեցրել է. «Ռուսական տեխնոլոգիաները բազմիցս ցույց են տվել իրենց արդյունավետությունը աշխարհի տարբեր մասերում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր