00:00:00

Արցախի նախագահի աշխատակազմը հանդիպում-քննարկում է կազմակերպել սփյուռքյան հումանիտար հարցերով մի խումբ կառույցների հետ

17:14, 16 փետրվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը փետրվարի 15-ին Երևանում կազմակերպել է հանդիպում–քննարկում սփյուռքյան կազմակերպությունների հետ՝ հետպատերազմյան Արցախի առջև ծագած մարտահրավերների և դրանց լուծման գործընթացների վերաբերյալ, որի բանախոսներն էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը և աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հանդիպմանը մասնակցում էին հայրենիքում գործունեություն ծավալող սփյուռքյան կառույցների մի խումբ ներկայացուցիչներ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Արցախում առկա հումանիտար իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը: «Հումանիտար կարիքներից առաջինը բնակարանայինն է, և արդեն բնակարանաշինության մի քանի խոշոր նախագծեր են մեկնարկել: Այնուհետև սոցիալական-կենցաղային կարիքներն են, որոնց մի մասն արդեն բավարարվել է: Վերականգնողական կարիքները ներառում են և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վերականգնումը, որոնց բավարարման ուղղությամբ ծավալուն գործ կա անելու: Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել նաև ընտանիքների զարգացման կարիքներին՝ իրագործելով երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Վերջին կարևոր ուղղությունը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է, որտեղ նշանակալի դեր պետք է ունենա համահայկական մասնագիտական ներուժի արդյունավետ իրացումը՝ Արցախում երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացում ապահովելու համար»,- նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից աշխատանքներ են տարվում մարդասիրական ծրագրերի համակարգման ինստիտուցիոնալ արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ, և ակնկալվում է բոլոր փորձառու կազմակերպությունների մասնակցությունն այդ բարեփոխման մեջ: Մանե Թանդիլյանը ներկայացրել է սոցիալական առկա կարիքները, կատարված աշխատանքները և ԱՀ ու ՀՀ պետական ծրագրերն այդ ուղղությամբ: Նա ընդգծել է, որ իր ղեկավարած նախարարության կողմից արդեն մեկնարկել է կարիքների գնահատման լայնածավալ ծրագիր, որի արդյունքները հիմք կդառնան պետական ու բարեգործական ծրագրերի հասցեականության ու արդյունավետության բարձրացման համար: Սա նման ձևաչափով առաջին համատեղ քննարկումն էր, որը տվեց իր գործնական արդյունքները տարբեր պայմանավորվածությունների տեսքով: Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ԱՀ նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը և ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր