00:00:00

«Կոմերսանտ». Պուտինը հնարավոր է համարել, որ մինչեւ աշուն կպատվաստվի կորոնավիրուսի դեմ

22:46, 11 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բժիշկների հետ խորհրդակցելուց հետո չի բացառել, որ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով, պատմել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը: Նրա խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախագահ Պուտինը հնարավոր է համարել, որ կպատվաստվի ամռան վերջին կամ աշնան սկզբին, քանի որ ստիպված է լինելու շատ ուղեւորություններ կատարել: Պատվաստման մասին Վլադիմիր Պուտինին հարցրել է «Նեզավիսիմայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Ռեմչուկովը: Նախագահը պատասխանել է, որ իր պատվաստումների պլանում կան գրիպի եւ թոքաբորբի դեմ պատվաստումներ, ուստի պետք է հասկանա, թե երբ է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու լավագույն ժամանակը: Պարոն Պուտինն ասել է, որ մտադիր չէ «կապիկություն» անել եւ պատվաստվել հատուկ տեսախցիկների առջեւ: Նշենք, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մինչ իր երդմնակալությունը հրապարակավ էր պատվաստվել COVID-19-ի դեմ: Դեկտեմբերին նույնն կերպ էր վարվել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այսպիսով ղեկավարներն իրենց օրինակով կոչ են արել մասնակցել պատվաստումներին: Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու պատրաստակամության մասին Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ասել էր 2020-ի սեպտեմբերին՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցի ընթացքում: Դեկտեմբերին կայացած մեծ ասուլիսում Պուտինը հայտարարել էր, թե ինքը դեռ չի կարող պատվաստվել, քանի որ պատվաստանյութը հասանելի չէ իր տարիքի մարդկանց: Մի քանի օր անց առողջապահության նախարարությունը թույլ էր տվել 60-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստել կորոնավիրուսի դեմ. Վլադիմիր Պուտինը 68 տարեկան է: Դրանից հետո նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ նախագահը պատվաստվելու որոշում է կայացրել եւ այդ մասին կհայտարարի «տեսանելի ապագայում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր