Հազարավոր մարդիկ երրորդ օրն անընդմեջ դուրս են գալիս Վարշավայի եւ Լեհաստանի այլ շրջանների փողոցներ այն բանից հետո, երբ երկրի աջակողմյան կառավարությունը կատարեց դատարանի որոշում` գրեթե ամբողջությամբ արգելելով աբորտները, գրում է The Guardian-ը:
Վարշավայում ցուցարարները թափահարում էին Լեհաստանի եւ ԼԳԲՏ համայնքի դրոշները եւ իրենց ճակատներին կրում էին Women Strike կազմակերպության կողմից օգտագործվող խորհրդանիշը, որը բողոքի ցույցերի հիմնական կազմակերպիչ կողմն է:
Ցուցարարները փողոց են դուրս եկել «Իմ մարմինն իմ ընտրությունն է», «Հեղափոխությունն արգանդ ունի», «Քո ձեռքերին արյուն է» գրություններով պաստառներով:
Որոշ ցուցարարներ ուրբաթ օրը ցույցի էին դուրս եկել կանաչ գլխաշորերով պարանոցին, որն աբորտի իրավունքի պաշտպանների խորհրդանիշն է Արգենտինայում, որտեղ աբորտներն անցյալ օրինականացվեցին:
Հինգշաբթի որոշումը կայացրած սահմանադրական դատարանի տարածք մտնելուց հետո մի քանի ցուցարար էր ձերբակալվել:
Դատարանի որոշման համաձայն` Լեհաստանում ներկայումս արգելված են բոլոր աբորտները` բացառությամբ բռնաբարության եւ ինցեստի դեպքերի, ինչպես նաեւ` այն դեպքերում, երբ մոր կյանքն ու առողջությունը վտանգված են:
Հրամանագրով սահմանվել է, որ պտղի անոմալիաների զարգացման դեպքերում արհեստական ընդհատումն անհամատեղելի է սահմանադրության հետ:
Լեհաստանում տարեկան գրեթե 2000 օրինական աբորտ է կատարվում, եւ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների գնահատմամբ, եւս 200 000 կին աբորտ է անում կամ՝ անօրինական կամ արտասահմանում:
Կառավարությունը հայտարարել է, որ արգելքը կդադարեցնի «եվգենիկական աբորտները»` նկատի ունենալով Դաունի համախտանիշով ախտորոշված սաղմերով հղիության դադարեցումը, սակայն իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ դա կանանց կստիպի անկենսունակ հղիություններ տանել: