Չինաստանը սարք է ստեղծում, որը կարող է վերահսկվող միջուկային պայթյուններ ստեղծել: Բարի գալուստ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների նորագույն մրցավազքի, գրում է The National Interest-ը:
Չինաստանն ասում է, որ սարքը, որը համարժեք է ամերիկյան Z մեքենային, որը միջուկային ռումբի պայմաններ է վերարտադրում, ամերիկյանից ավելի լավը կլինի:
Նյու Մեքսիկո նահանգում գտնվող Սանդիա ազգային լաբորատորիայի տվյալներով՝ Z Pulsed Power Facility-ը «աշխարհում ճառագայթման ամենահզոր եւ արդյունավետ լաբորատոր աղբյուրն է»:
«Z մեքենան պայմաններ է ստեղծում, որոնք Երկրի վրա այլեւս ոչ մի տեղ չկան»,-պնդում է լաբորատորիան:
Չինական Z մեքենան «նախագծված է մեկ ակնթարթում մոտ 60 մլն ջոուլ էներգիայի արտադրման համար, ինչը գրեթե 22 անգամ ավելի է, քան Սանդիայում սարքի վրա», գրում է South China Morning Post-ը:
Թերթը, մասնավորապես, նշում է. «Այն հզոր էլեկտրական ազդակներ է ուղարկում թելի կծիկի չափի թիրախի վրա, որը բաղկացած է հարյուրավոր վոլֆրամ լարերից, որից յուրաքանչյուրն ավելի բարակ է, քան մարդու մազերը: Երբ ազդակներն անցնում են լարերի միջով, վոլֆրամը պայթում է, գոլորշիանում եւ պլազմա ստեղծում այնպիսի մագնիսական դաշտով, որ պայթած մասնիկները մղվում են ներս: Մասնիկները բախվում են՝ առաջացնելով ինտենսիվ ճառագայթում»:
«Նման էներգիայով մենք կարող ենք տաքացնել թիրախը մինչեւ 100 մլն աստիճան ըստ Ցելսիուսի»,-հպարտացել է չինացի միջուկային ֆիզիկոսներից մեկը:
National Interest-ը կապ է հաստատել Սանդիա լաբորատորիայի հետ: Ընկերության ներկայացուցիչը պատասխանել է, որ չնայած նրան, որ ամերիկացի հետազոտողները գիտեն չինական նախագծի մասին, նրանք դա չեն մեկնաբանում:
Նույնիսկ եթե Չինաստանի մեքենան ավելի մեծ է, քան Ամերիկայի մեքենան, սպառազինությունների նման մեծ մրցավազքի պայմաններում պարզ չէ, թե ինչ առավելություն կստանա Պեկինը: ԱՄՆ-ն ունի գրեթե 7000 միջուկային մարտագլխիկ, որպեսզի ոչնչացնի Չինաստանին եւ Ռուսաստանին, Ռուսաստանն ունի նման քանակությամբ մարտագլխիկ, որպեսզի նույնն անի Ամերիկայի հետ: Ունենալով գրեթե 300 միջուկային մարտագլխիկ՝ չինական զինանոնցն ակնհայտորեն ավելի փոքր է, սակայն այդքան էլ փոքր չէ, որպեսզի լուրջ հարված չհասցնի ԱՄՆ-ին: