00:00:00

«Այբ» կրթական հիմնադրամն ու «Թել-Սել» ընկերությունը ստորագրել են համագործակցության պայմանագիր

17:09, 29 հունվար 2021

«Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական զանգվածային մրցույթներն այս տարի կկազմակերպի նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։ Հունվարի 29-ին ՀԲԸՄ դահլիճում «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը և «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով նոր մակարդակի են հասցվում կրթության ոլորտում արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համատեղ նպատակներն ու ձգտումը: «Թել-Սել» ընկերությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնելու իրենց ջանքերը՝ նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, և կհամագործակցեն «Այբ»-ի «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթների շրջանակում՝ հաշվի առելով և՛ մրցույթների հաջողված փորձը, և՛ սոցիալական բարձր պատասխանատվությունը: «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող զանգվածային դպրոցական մրցույթները միավորում են ավելի քան 250 000 երեխաների, ծնողների և ուսուցիչների՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և սփյուռքից: Մրցույթները երեխաներին օգնում են ստուգելու սեփական գիտելիքն ու տրամաբանությունը և ձգտելու ավելիին: Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ «Այբ»-ը որոշեց այդ մրցույթներն անցկացնել առցանց՝ այդպիսով ապահովելով բոլոր երեխաների հավասար մասնակցության հնարավորությունը և հանրակրթության ոլորտում առցանց հարթակների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառումը: «Յուրաքանչյուր նոր համագործակցություն մեզ համար կրթության զարգացման կարևոր քայլ է: Այս պայմանագրի ստորագրմամբ մենք նոր շունչ կհաղորդենք սիրված դպրոցական մրցույթներին և կկարողանանք համատեղ ջանքերով ճիշտ ներդրում կատարել կրթության մեջ, որի զարգացումը չունի այլընտրանք, և որը մեր երեխաների ապագայի կայուն գրավականն է»,- նշեց «Այբ» հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը: «Որպես «Այբ»-ի դպրոցական մրցույթների բացառիկ ֆինտեխ գործընկերոջ՝ մեր նպատակն է բոլոր երեխաների համար ապահովել մրցույթներին առցանց գրանցվելու և մասնակցելու հասանելիություն՝ անկախ երեխաների գտնվելու վայրից: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով այդ գործընթացը աշակերտների ծնողների համար կտևի վայրկյաններ` վերջ դնելով նախկին խնդիրներին:Որակյալ կրթությունը այն ճանապարհն է, որով մեր սերունդները պետք է քայլեն լավ ապագայի համար, և մենք պատրաստ ենք այդ ճանապարհն անցնել նրանց հետ»,- նշեց «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը: «Ես երրորդ դասարանից մասնակցել եմ «Այբ»-ի դպրոցական երեք մրցույթներին էլ, հատկապես շատ էի սպասում «Կենգուրուին»: Մաթեմատիկան այն լեզուն է, որով կարող ես հասկանալ աշխարհը և ձևակերպել արդի խնդիրները, իսկ «Կենգուրուի» օգնությամբ սկսել եմ պատկերացնել իմ ապագա մասնագիտությունը հենց մաթեմատիկական ոլորտում՝ տվյալագիտության և ավիացիայի ուղղությամբ»,- նշեց «Կենգուրու» մրցույթի մասնակից Գրիգորի Արտազյանը: «Այբ» կրթական հիմնադրամը և «Թել-Սել» ընկերությունը հավատում են, որ պատասխանատու գործընկերությամբ կարող են նպաստել մեր երկրում կրթության ոլորտի զարգացմանը և կրթության որակյալ շարունակականության ապահովմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր