Հայաստանի հարկային մարմինները 2020 թվականին 7 միլիարդ դրամ են վերադարձրել բյուջե` 2019-ի 6 միլիարդ դրամի դիմաց, աճը 2.1 տոկոս է կազմել: Այս մասին հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի քննչական եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:
Նա պարզաբանեց, որ գերատեսչությունը հարուցել է 622 քրեական գործ, որոնցում պետությանը հասցված վնասի չափը 21 միլիարդ դրամ է կազմել` 2019-ի 20.6 միլիարդ դրամի վնասով 367 քրեական գործի դիմաց:
Հարկային ոլորտում քրեական գործերի թիվը 2020 թվականին աճել է շուրջ 70 տոկոսով:
«Դրանցից 244 դեպք կապված է հարկերից խուսափելու հետ, 62-ը` անվճարունակության մասին կեղծ կամ կանխամտածված սխալ փաստաթղթերի, 23-ը` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության եւ 265 դեպք` թմրանյութերի եւ թմրանյութերի մաքսանենգության փաստի: 2020-ի ընթացքում 255-ով ավել քրեական գործ է հարուցվել, քան 2019-ին: 150 դեպք կապված է թմրանյութերի եւ թմրամիջոցների մաքսանենգության հետ, ավելի քան 100-ը` տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության: Թմրանյութերի եւ թմրամիջոցների մաքսանենգության աճը պայմանավորված է նրանով, որ համավարակի ընթացքում ավելացել են փոստային առաքումները, ինչպես նաեւ` հարկային մարմինների ավելի արդյունավետ աշխատանքով»,- ասաց Չարխիֆալակյանը:
Պաշտոնյան հավելել է, որ 2020 թվականին 206 հարկային հանցագործություն է գրանցվել տնտեսական գործունեության դեմ, իսկ 2019 թվականին բացահայտվել է 106 նման դեպք, այսինքն` այս տարի աճն ավելի քան 94 տոկոս է կազմել:
«Աշխատանքներ են տարվում նաեւ ԵԱՏՄ-ից ներմուծվող ապրանքների գների եւ Հայաստանում դրանց վաճառքի վերաբերյալ տվյալների հավաստիության ստուգման ուղղությամբ: Գերատեսչությունը հատուկ ուշադրություն է դարձնում ոլորտային վերահսկողությանը, այդ թվում` շինարարության, առեւտրի, օգտակար հանածոների շահագործման ոլորտներում: 2020 թվականին ոլորտային վերահսկողության նոր ուղղություններ են դարձել օդային փոխադրումները եւ ՏՏ ոլորտը: 2020 թվականին հայտնաբերվել է առանց հաշվետվական փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ առաքման 1010 խախտում, տուգանքի չափը 1.4 միլիարդ դրամ է կազմել: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված անցկացվել է 279 միջոցառում, տուգանքի չափը կազմել է 181 միլիոն դրամ: Հայտնաբերվել է առանց լիցենզիայի բնական ռեսուրսների շահագործման հետ կապված 55 խախտում, տուգանքի չափը կազմել է 2.2 միլիարդ դրամ: 2020-ին հարկային իրավախախտումների բացահայտման շրջանակներում ձեռնարկվել է 3427 միջոցառում, հարկային պարտավորությունների տեսքով տուգանքի չափը 3.9 միլիարդ դրամ է կազմել: 2019-ին իրականացվել է 3134 միջոցառում, տուգանքի չափը կազմել է 1.4 միլիարդ դրամ: Խախտումների շարքում կարելի է առանձնացնել նաեւ տնտեսվարող սուբյեկտների համաձայնեցված գործունեությունը` ավելի քիչ հարկեր վճարելու համար: 2020-ին հայտնաբերվել է 258 նման տնտեսվարող սուբյեկտ` 116-ի դիմաց 2019 թվականին»,- եզրափակեց ՊԵԿ-ի վարչության պետը: