00:00:00

Արցախում Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Վիտալի Բալասանյանի և Դավիթ Բաբայանի հետ

14:34, 19 հունվար 2021

Արցախ այցի շրջանակներում ունեցած պաշտոնական հանդիպումների շրջանակներում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Քննարկված հարցերի առաջին խումբն առնչվում է Արցախի սահմանների պաշտպանությանն ու ազգաբնակչության անվտանգության ապահովմանը, երկրորդը՝ Արցախի կարգավիճակին, երրորդ խումբը՝ Արցախի բնակչության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Հանդիպումների ընթացքում վերահաստատել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ կառույցով և հնարավորություններով պատրաստ է ամբողջական և գործուն մասնակցություն ունենալ այս երեք ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Շեշտել եմ նաև, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին  պաշտպանել հայրենիքի սահմանները։ Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։ Ըստ այդմ՝ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ հետագա քննարկումները շարունակելու և աշխատանքները  համադրելու մասով ևս ձեռք է բերվել լրացուցիչ պայմանավորվածություն։ Արցախի պաշտոնյաններին փոխանցել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին։ Սոցիալ-տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։ Այս փուլում ամենակարևորն այն է, որ Արցախի բնակչությունն իր թիկունքում զգա 10 մլն հայության շունչը։ Մենք պետք է այսօր կանգնենք Արցախի և արցախցու կողքին, և դա չպետք է լինի խոսք, այլ հստակ գործ։ Մենք պարտվելու իրավունք չունենք. ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և դա պետք է տեղի ունենա համայն հայության աջակցությամբ, համատեղ  մշակված քայլերով։ Կորցնել Արցախը, նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու»,- գրել է Սաղաթելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր