Առաջիկա տարիներին Ռուսաստանի Ռազմածովային ուժերը կուժեղանա 14 ատոմային սուզանավերով (ԱՍՆ), հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը:
Նա հայտնել է, որ «Սեվմաշ» գործարանի արտադրական հզորությունները մինչեւ 2027 թվականը ամբողջ ծավալով զբաղված կլինեն պաշտպանության նախարարության պատվերներով: «Սեվմաշն» ամեն տարի պետք է ՌԴ ՌԾՈՒ-ին փոխանցի «Բորեյ-Ա» եւ «Յասեն-Մ» նախագծերով մեկական ԱՍՆ:
Դեկտեմբերի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կրիվորուչկոն այցելել է «Սեվմաշ» ստուգելու պետական պաշտպանական պատվերի կատարումը:
«Բորեյ» եւ «Բորեյ-Ա» նախագծերի չորրորդ սերնդի ատոմային ստորջրյա հածանավերի շարքը, որը զինված է «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, առաջիկա տասնամյակներին կդառնա ծովային ռազմավարական միջուկային ուժերի հիմքը, հայտնել են ռուս զինվորականները:
«Բորեյ-Ա» կատարելագործված նախագծի «Իշխան Վլադիմիր» գլխավոր ատոմային ստորջրյա հածանավը ՌԴ ՌԾՈՒ կազմի մեջ է ներառվել այս տարվա հունիսի 12-ին:
885М նախագծի «Յասեն-Մ» բազմաթիրախային ատոմային սուզանավերը «Օնիկս» եւ/կամ «Կալիբր» թեւավոր հրթիռներ են կրում: Հաղորդվում էր դրանք «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի հիպերձայնային «Ցիրկոն» հրթիռներով զինելու ծրագրերի մասին (ռուսական նոր հիպերձայնային հրթիռ, որը փորձարկումներ է անցնում):
«Յասեն-Մ» նախագծի գլխավոր սուզանավն է «Կազանը»: Ներկայումս ընթանում է պետական փորձարկումների ավարտական փուլը: Սուզանավը ջուրն է իջեցվել 2017 թվականին: Փորձարկումների ավարտման ժամկետը բազմիցս հետաձգվել է: