00:00:00

Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ

04:17, 17 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած միջադեպը կարգավորել են Բաքվի օգտին։ Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում։ Հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը․ Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ եղած շրջաններին, գրում է Коммерсантъ-ը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության վերադարձնելով դրա նախկին տեսքը։ Եթե դեկտեմբերի 13-ի քարտեզի վրա խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ընդգրկված էին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ի՝ ուղղված տարբերակում դրանք նշված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ավելին՝ «պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով ընդգծվել է խաղաղապահ առաքելության գոտին։ Այն նշված է որպես «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գծից դուրս։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ը Հադրութից ոչ հեռու գտնվող 2 գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողություններն ադրբեջանական զորքերի և հայկական ջոկատների միջև։ Իրավիճակի սրացումը հանգեցրել է ռուս խաղաղապահների հասցեին առաջին լուրջ քննադատությանը։ Ընդ որում, այն հնչել է 2 կողմերից։ Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց դժգոհությամբ ակնարկեց, որ խաղաղապահները վաղուց պետք է հայտնվեին սրացման գոտում։ «Ինչու՞ հարձակման պահին խաղաղապահներն այնտեղ տեղակայված չէին, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը: Իսկ երբ 2 գյուղերի շրջանում հայտնվեց խաղաղապահ զորակազմը, քննադատական հայտարարություններ եղան արդեն Բաքվից։ «Ռուս խաղաղապահների կողմից ներկայացված նոր քարտեզը միանգամայն անհասկանալի է»,- Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը՝ նկատի ունենալով այն տարբերակը, ըստ որի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ: «Խաղաղապահների գործունեությունը ամրագրված է միջազգային իրավունքով, և նրանք ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց վրա դրված պարտականությունների և պատասխանատվության շրջանակներից: Նրանց պատրաստած քարտեզն իրավական կամ քաղաքական հիմք չունի»։ «Այո, խաղաղապահների գործողությունների վերաբերյալ դժգոհություն եղել է, Коммерсант-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը։ «Ադրբեջանում հանրությունն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 10-ի համաձայնագրի 4-րդ կետի վրա: Դրանում խոսվում է այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մտցվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։ Երևանում և Ստեփանակերտում համաձայնագրի տեքստն այլ կերպ են մեկնաբանում։ Հայ պաշտոնյաներն այս թեման հրաժարվել են մեկնաբանել, բայց անանունության պայմանով զրույցներում հասկացրել են, որ, իրենց կարծիքով, համաձայնագրի 4-րդ կետը վերաբերում է միայն Քարվաճառի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք Ադրբեջանին են հանձնվել մինչև դեկտեմբերի 1-ը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը խորհրդային տարիներին մտնում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա այնտեղ, ըստ թերթի հայ զրուցակիցների, պետք է իրականացվի համաձայնագրի մեկ այլ կետ՝ առաջին կետը։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին լիակատար հրադադարից հետո «Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Հետևաբար, Հադրութի մոտակայքում գտնվող դիրքերը նույնպես պետք է մնան հայկական զորքերի և աշխարհազորայինների վերահսկողության տակ։ Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Коммерсантъ-ին հավաստիացրել է, որ նման մեկնաբանությունը սխալ է, և հայկական զորքերը պետք է հեռանան Ղարաբաղի ամբողջ տարածքից: Ընդ որում, ռուս խաղաղապահների վերջնական որոշումը՝ լքել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, կարող է բացասաբար ընկալվել Երևանում, հավելել է աղբուրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր