00:00:00

«Կա ըմբռնում, որ խաղաղապահների հետ ավելի լավ է վտանգավոր խաղեր չխաղալ». Պետդումայի պատգամավորը՝ ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքի մասին

17:36, 15 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին Լուրերի ազգային ծառայությանը (НСН) տված հարցազրույցում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում զինադադարի խախտումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Շաբաթվա սկզբին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնել էր երեք զինծառայողի վիրավորվելու մասին՝ ադրբեջանական նախահարձակ գործողությունների հետևանքով: Իր հերթին, Բաքուն մեղադրել է հայկական կողմին՝ սադրիչ գործողություններ կատարելու համար: Ավելի ուշ հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուսական ռազմական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի շրջակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը ճնշվել է ռուս խաղաղապահների գործողությունների արդյունքում: «Դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջադեպից հետո ռուս խաղաղապահները միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի դա չկրկնվի» - ասել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին: Պատգամավորը շեշտել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների հետ՝ հավելելով, որ խաղաղապահ առաքելության զորքերը կարող են ուժեղացվել, եթե տարածաշրջանում ռազմական գործողություններ սկսվեն, սակայն կարծում է, որ դրա կարիքը չի լինի: «Կարծում եմ, որ դրա կարիքը չի լինի, և խաղաղապահների քանակը կբավականացնի: Համոզված եմ, որ ոչ մի կորուստ չի լինի, քանի որ կա ըմբռնում, որ ավելի լավ է վտանգավոր խաղեր չխաղալ խաղաղապահների հետ»,- եզրափակել է Վոդոլացկին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր