Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Բուլղարիայից 50.000 հին արկ է ներկրել և նոր սպառազինության գնով վաճառել բանակին. հրետանու արկերի հետքերով.
Նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե մինչ իր իշխանության գալը բանակում լուծված չի եղել անգամ հրետանու արկերի խնդիրը։
Mediaport-ին հայտնի է դարձել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «լուծել» հրետանու արկերի «խնդիրը»։
«Տեղեկանալով այն մասին, որ մինչ հեղափոխությունը ՀՀ ՊՆ-ն պայմանագիր է կնքել Բուլղարիայի հետ 50.000 արկ ձեռքբերելու և Հայաստան բերելու մասին՝ Փաշինյանի իշխանությունը որոշում է փոփոխություններ մտցնել արկեր գնելու պայմանների մեջ։ Օպերացիան ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարում են տխրահռչակ Պատրոն Դավիթին (Դավիթ Գալստյան)։
Վերջինս Բուլղարիայից նոր արկերի գնով գնում է 50.000 հին արկ, ներկում դրանք և իբրև նոր սպառազինություն բերում Հայաստան։ Այս ամենը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի գիտությամբ:
Ընդ որում, այդ սպառազինության մի մեծ քանակ՝ 152մմ թնդանոթների համար նախատեսած արկերը, չեն համապատասխանել մեր բանակում առկա նույն տրամաչափ ունեցող թնդանոթներին։ Ֆիզիկապես և բարոյապես մաշված այդ արկերի բացարձակ մեծամասնությունն անցած պատերազմի ընթացքում կոնդիցիայի չեն ենթարկվել՝ մեծ վնաս հասցնելով մարտական դիրքերում գտնվող հրետանուն։