00:00:00

44 օր հայ ժողովրդի ավտանգության իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, ոչ թե միջազգային հանրությունը․ Արցախի ՄԻՊ

17:03, 10 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա, Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրական հանրաքվեների օրերի առթիվ։ ԱՅս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ Արցախի Հանրապետությունը՝ նաև Անկախության ու Սահմանադրական հանրաքվեների օրերը: Դա նշանակում է, որ Արցախի բնակիչների համար դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների եռատոն է՝ հենված համամարդկային ու ազգային արժեհամակարգի ու երազանքների վրա: 2020 թվականի դեկտեմբերի 10-ը Արցախը դիմավորում է ծանրագույն մարտահրավերների առկայության պայմաններում՝ ուղղված նաև մարդու իրավունքների պաշտպանության դեմ: 44 օր շարունակ աշխարհը փաստացի միջազգային անտարբերության ու անգործության պայմաններում ականատես եղավ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների իրավունքների զանգվածային ու կոպիտ ոտնահարումներին: 44 օր շարունակ յուրաքանչյուր օր միջազգային հանրության անտարբերության և թողտվության հետևանքով մարում էր հայ ժողովրդի հավատը՝ մարդու իրավունքների համընդհանրության և հավասարության նկատմամբ: 44 օր շարունակ հայ ժողովրդի անվտանգության ու իրավունքների միակ երաշխավորը հայ զինվորն էր, այլ ոչ թե մարդու իրավունքների համընդհանրություն հռչակող միջազգային հանրությունը: Եվ չնայած կրած մեծագույն մարդկային ու տարածքային կորուստների՝ Արցախը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և պաշտպանության համար: Պայքարը դրսևորվելու է նախևառաջ հայկական պետականության սահմանների, թիկունքի ու ինստիտուտների ամրացմամբ: Մենք շարունակելու ենք պայքարը մեր երեխաների մեջ սեփական ներուժի ու մարդու իրավունքների նկատմամբ հավատ և հարգանք սերմանելու միջոցով: Արցախը պայքարը շարունակելու է միջազգային հանրությանը իրականությունը ներկայացնելու, աչքերը բացելու և գործողությունների մղելու միջոցով: Մենք ուղղակի պարտավոր ենք շարունակել մեր պայքարը հանուն մեր իսկ իրավունքների ու ազատությունների, հանուն մեր արժանապատիվ կյանքի և հանուն մարդու իրավունքների համընդհանրության իրական ապահովման ողջ աշխարհում: Եվ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առաջին հերթին մեր պետության ներսում և բոլորիս կողքին ու մեջ մարդու իրավունքների պաշտպանության բարձր մշակույթի արմատավորմանն ու պահպանմանը, ինչն անհրաժեշտ պայման է Արցախի անկախության ու սահմանադրական կարգի հիմնարար արժեքների ու սկզբունքների պատշաճ իրացման համար: Խաղաղություն, ամրություն ու հավատ բոլորիս օջախներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր