Հայաստանի կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց, որոնք հյուրընկալել են Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս եկած համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի Արցախում բնակված չափահաս քաղաքացիներին։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 3-ի նիստի օրակարգում։
Ըստ նախագծի, սոցիալական աջակցությունը տրամադրվելու է անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 հազար դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է¸ որը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ենթակա չէ հարկման։
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝
- 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
- 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։