00:00:00

Վիկտոր Օրբանն ընդդեմ Ջորջ Սորոսի. ազգային զգացմունքներն ընդդեմ գլոբալիզացիայի. ո՞վ կհաղթի. Военное Обозрение

19:15, 02 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Военное Обозрение հրատարակությունը հոդված է հրապարակել, որում հոդվածագիր Ալեքսանդր Խարալուժնին վերլուծել է Եվրոպական քաղաքականության մեջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կոնֆլիկտը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Եվրամիությունը ցնցող ներքին հակասությունների մաս է կազմում միլիարդատեր Ջորջ Սորոսի (լայնորեն հայտնի է մեծ թվով ինքնիշխան պետությունների գործերին միջամտությամբ) և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բացահայտ հակասությունը: Փաստացիորեն, երկու քաղաքական գործիչների միջև (դժվար է Սորոսին այդպիսին չդիտարկել) քննարկում է ընթանում ոչ այնքան Եվրոպայի ներկայիս հստակ խնդիրների, որքան  այն ուղու մասին, որը պետք է անցնի ԵՄ-ն ապագայում: Ըստ հեղինակի՝ վեճը սկսել է Սորոսը, որը բավականին անթաքույց միջամտել է ԵՄ-ում մի կողմից Բրյուսելի,  մյուս կողմից` Վարշավայի և Բուդապեշտի միջև ընթացող հակամարտությանը: «Առանց այս առճակատման մանրամասների մեջ մտնելու, հարկ է նշել, որ Լեհաստանը և Հունգարիան բուռն քննադատության են ենթարկվում եվրոպական բյուրոկրատների կողմից, որի պատճառն իրենց դատական համակարգերում կատարված փոփոխություններն են: Այնուամենայնիվ, սա միայն տեսանելի պատճառն է: Փաստացիորեն, մենք խոսում ենք հակադրությունների շատ ավելի լայն շրջանակի մասին: Ե՛վ լեհերը, և՛ հունգարացիները կտրականապես չեն ցանկանում ընթանալ «ընդհանուր եվրոպական արժեքների» մի ամբողջ շարքի հետևելու ճանապարհով, այնինչ Բրյուսելում դրանք համարվում են հիմնարար: ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության, ԼԳԲՏ համայնքի իրավունքների և նման այլ բաների նկատմամբ Հունգարիայի և Լեհաստանի պես պահպանողական երկրների վերաբերմունքը (ժամանակակից Եվրոպայի չափանիշներով) բարկություն առաջացնող վիճահարույց հարցերի ամբողջական ցուցակը մի մասն է: Խոշոր հաշվով, մենք խոսում ենք Հին աշխարհը գրավող գլոբալիզացիայի գործընթացներին դիմադրելու մասին: Բրյուսելը որոշել էր կարգավորել հակամարտությունը սովորական մեթոդներով. սպառնալով այս երկու երկրները զրկել սուբսիդավորված ֆինանսավորումից: Վարշավան և Բուդապեշտը, «վախենալու» փոխարեն, նույն կերպ պատասխանեցին. նրանք արգելափակեցին ԵՄ բյուջեն հաջորդ տարվա քվեարկության ընթացքում: Փող չե՞ք տալիս, ուրեմն ոչ ոք չի ստանա: Իրավիճակն արդեն նմանվում էր փակուղու, երբ մոլորակի գլխավոր գլոբալիստներից մեկը (եթե ոչ ամենագլխավորը)  Ջորջ Սորոսը, որոշեց միջամտել հակամարտությանը: Project Syndicate կայքում նրա հրապարակած հոդվածը ոչ միայն Եվրոպային կոչ է անում «առճակատվել Հունգարիայի և Լեհաստանի հետ», այլ ուղղակիորեն նշում է, որ դա պետք է արվի հնարավորինս կոշտ: Միևնույն ժամանակ, արտահայտման առումով, «Բաց հասարակության» հիմնադիրը ամենևին էլ ամաչկոտ չէ՝ Վիկտոր Օրբանին և Յարոսլավ Կաչինսկիին ուղղակիորեն անվանում է «քաղաքական կոռումպացված պաշտոնյաներ»: Սորոսը Հունգարիայի վարչապետին անվանել է նաև «կլեպտոկրատ» ՝ նրան մեղադրոելով  «իշխանությունը ցմահ յուրացնելու»  փորձերի համար: «Եվրոպական արժեքների» նախանձախնդիրների չափանիշներով՝ մեղադրանքները շատ ծանր են: Ի դեպ, նրանց մեջ վրդովմունք է հնչում նաև կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ գնելու Բուդապեշտի մտադրությունների վերաբերյալ: «Գունավոր հեղափոխությունների» խամաճիկներին խաղացնողը երբեք էլ Ռուսաստանի ընկերը չի եղել, ուստի այստեղ ամեն ինչ բնական է: Սորոսն իր զայրացած ուղերձն ավարտում է Բրյուսելին ուղղված բավականին հստակ առաջարկություններով. պարզապես շրջանցել հունգարա-լեհական բյուջեի վետոն, միևնույն ժամանակ թողնելով այս երկու երկրները առանց եվրոցենտի: Թող տառապեն... Մինչև հոգու խորքը վիրավորված Օրբանի պատասխանն իրեն սպասեցնել չտվեց: Խոչընդոտ առաջացավ  միայն այն փաստից, որ Project Syndicate-ը Սորոսի հակառակորդի հոդվածը կտրականապես հրաժարվում էր տպագրել: Այնուամենայնիվ, այն, իհարկե, լույս տեսավ: Պետք է արժանին մատուցել Օրբանին. Նրա մեջ շատ ավելի քիչ թույն և մաղձ կա, և շատ ավելի խորը և հիմնավոր մտորումներ Եվրոպայի ճակատագրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, նա չի կարողացել դիմակայել Սորոսին «տնտեսական հանցագործ» ու «միլիոնավոր մարդկանց կյանքերը ոչնչացրած համաշխարհային սպեկուլյանտ» անվանելու հաճույքին, ինչպես նաև նկատել է, որ իրականում ինքնիշխան պետության վարչապետի համար անտեղի է բանավիճել այնպիսի կասկածելի անձնավորության հետ, ինչպիսին  է «Բաց հասարակության» ղեկավարը: Այնուամենայնիվ, նա ընդունել է վեճը: Օրբանի գլխավոր  հիմնավորումն այն է, որ նա ոչ թե դեմ է Եվրամիությանը, այլ դեմ է այդ վիթխարի կոռումպացված և հանցավոր «կայսրությանը», որը ստեղծել է Սորոսը՝ միայն բարեգործ ձևանալով, այնինչ նա իրականում իշխանությամբ տարված մոլագար է, որը ձգտում է ստեղծել մի տեսակ «բազմազգ և բազմամշակույթ նոր կայսրություն» ՝ իր իսկ ղեկավարությամբ: Հունգարիայի վարչապետը նախատում է Բրյուսելի քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին ՝ այս կործանարար նկրտմանը «ենթարկվելու» համար ՝ միևնույն ժամանակ բացահայտ ասելով, որ նրանցից շատերը վաղուց «գնվել են Սորոսի կողմից և աշխատավարձ են ստանում»: Վիկտոր Օրբանը պնդում է, որ «Բաց հասարակության» և դրա սեփականատիրոջ կողմից հռչակված արժեքները ոչ մի կերպ չեն առնչվում ազատության և անկախության հետ, և միայն քողարկված ստրկություն են իրենցից ներկայացնում: Հունգարիայի վարչապետը բացահայտորեն ընդդիմանում է սորոսական ազատական ժողովրդավարությանը` ի օգուտ քրիստոնեական ժողովրդավարության, որի հիմնական արժեքը գիտակցված ընտրության ազատությունն է, և ոչ թե կույր հնազանդությունը մեծամասնության թելադրանքին: Ի վերջո, Օրբանը խոսում է «Բրյուսելի նոր կայսրության հետ ճակատամարտի» մասին, որի հետ բախվում են «ազգային պետությունները», որոնք ցանկանում են պահպանել իրենց ինքնությունն ու ազատությունը, որի դեմ հիմնական սպառնալիքներից մեկ նա տեսնում է «Սորոսի ցանցը»: Այս հիմքի վրա կարող ենք ասել, որ Հին աշխարհում քաղաքական «փոթորիկ» է սպասվում: Ո՞վ կհաղթի, և ինչպես դա կազդի արդեն թուլացած «միավորված Եվրոպայի» վրա, դեռ դժվար է ասել: Սակայն, ձանձրալի չի լինի»,-եզրափակել է հեղինակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր