00:00:00

Եթե կողմերն ընդհանուր հայտարարի չգան Գագիկ Խաչատրյանի բուժման հարցում՝ ՄԻԵԴ-ը նախաձեռնելու է նաև խոշտանգման քննության վարույթ. Երեմ Սարգսյան

18:21, 02 դեկտեմբեր 2020

Երբ անձն ունի սուր ցավեր և պետությունը այնպես է անում, որ Խաչատրյանն այդ ցավերը կրի, ավելի խորանա, նշանակում է վատ վերաբերմունք, խոշտանգում: Այս առումով նշեմ, որ բոլորովին վերջերս մեկ անգամ ևս ՄԻԵԴ-ը համապատասխան նամակ էր ուղարկել ՀՀ Կառավարությանը, մեզ, որով հայտնել էր, որ ըստ էության, եթե կողմերը ընդհանուր հայտարարի չգան այս հարցում, ՄԻԵԴ-ը նախաձեռնելու է նաև խոշտանգման քննության վարույթ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Խաչատրյանի և նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստի մասին:
Փաստաբանը նշեց, որ  Գագիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով ներկա չէր դատական նիստին: Երեմ Սարգսյանի խոսքով՝ Խաչատրյանի բուժման կարիքի մասին դեռ վաղուց էին հայտնել, սակայն թույլ չեն տվել, որի պատճառով, վերջինս անգամ նույն դիրքով  երկար նստել չի կարողանում: «Դատարանին միջնորդեցինք, որ Գագիկ Խաչատրյանը մեկնի Գերմանիա՝ բուժման, դատարանը մերժեց միջնորդությունը՝ ինձ համար անհասկանալի պատճառներով, որովհետև պատճառաբանություններն այն են, թե Հայաստանում ևս կարող են պատշաճ բուժօգնություն տրամադրել, բայց մոռանում ենք, որ պետությունը Առողջապահության նախարարի մակարդակով նախաձեռնել էր երկու կոնսիլիումներ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, որոնք էլ  արձանագրել էին, որ Հայաստանում այս վիրահատությունները հնարավոր չէ կատարել: Այսքանով հանդերձ, հիմա նշել, թե հնարավոր է, մեղմ ասած, հիմնավոր պատճառաբանություն չէ»,-ասաց նա: Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանը բուժումը ստանում է տնային պայմաններում, քանի որ բժշկական կոնսիլիումով էր արձանագրվել, որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավոր չէ ստացիոնար բուժում իրականացնել, հետևաբար՝ բուժումը բժիշկների հսկողությամբ, որքանով հնարավոր է, կատարում են տանը: Նրա խոսքով՝ ամեն դեպքում ինչ արվում է հիմա, ընդամենը միջոց է՝ վիճակը փոքր-ինչ մեղմելու համար։ Իսկ, թե ինչպես է լինելու հետագա դատական նիստերի ընթացքը, քանի որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկա գտնվել, պաշտպանը շեշտեց, որ Խաչատրյանը պետք է վիրահատվի, որ կարողանա ներկա գտնվել նիստերին, բայց եթե պետությունը միջոցներ չի ձեռնարկում այս ուղղությամբ, ստացում է՝ դիտավորյալ գործողություններ է իրականացվում: «Մենք մի քանի անգամ դիմել ենք ՄԻԵԴ, որը ևս հաստատել էր, որ վիրահատության կարիք կա: Երբ ՄԻԵԴ-ը պահանջում էր պարզաբանումներ, շատ հրատապ կարգով փորձաքննություն էին կատարում հավանաբար իրենց ընտրած կոնկրետ փորձագետների մասնակցությամբ, որ հերքեն իրենց իսկ կողմից տրված կոնսիլիումը, որ բուժման կարիք չունի։ Այս մեթոդը ՄԻԵԴ-ում ևս կասկածի տեղիք է տվել, թե ինչպես է ստացվում, որ մինչև ՄԻԵԴ դիմելը կոնսիլիում եք անում և գտնում եք, որ կա բժշկական միջամտության կարիք, ՄԻԵԴ-ի հարցերից հետո անում եք փորձաքննություն և նշում եք, որ ընդամենը ցավազրկող պետք է օգտագործի»,-ասաց նա և հավելեց, որ շատ անհրաժեշտ բուժումներ և քայլեր պետության որոշումների պատճառով անտեսվում են: Սարգսյանը տեղեկացրեց, որ այս ամենով պայմանավորված՝ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հունվարի 18-ին: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր