00:00:00

Հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն. Արայիկ Հարությունյան

15:15, 01 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության: Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր