00:00:00

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի մի հատվածը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից․ ՌԴ ՊՆ

14:49, 01 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի մի հատվածը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից և ապահովել Լաչինի միջանցքում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի հատվածում իրականացրել են պայթյունավտանգ իրերի ոչնչացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ժամանակ ավերված էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծի վերականգնման ուղղությամբ աշխատող բրիգադի  անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչության հաղորդմամբ՝ անցած մեկ օրվա ընթացքում ԼՂ-ի տարածքում հաջողվել է վերականգնել էլեկտրահաղորդման գծերի երեք հենարան, 1,2 հազար մետր գազատար, ավելի քան մեկուկես հազար մետր կապուղի, ինչպես նաև երկու տրանսֆորմատորային ենթակայան: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և սոցիալապես կարևոր օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են շուրջ հազար պայթյունավտանգ առարկաներ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր