00:00:00

«Ավրորա»-ն հայտարարում է նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին՝ ուղղված Արցախի բնակչությանը

17:44, 26 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում եւ Արցախում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «IDeA հիմնադրամ»-ը հայտնում է, որ արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաեւ տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ: «Ավրորան» նաեւ հայտարարել է այս ուղղությամբ աշխատանքային հիմնական սկզբունքների եւ #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին: Ֆինանսական աջակցության հայտերից եւ նվիրատվություններից բացի, ընդունվում են նաեւ կամավորության եւ փորձագիտական օգնության տրամադրման մասին առաջարկներ, ինչպես նաեւ նրանցից օգնություն ստանալու անհրաժեշտության մասին դիմումներ: Դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցուցակը: Արդեն հաստատված նախագծերն են՝  աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6,4 մլն դրամ), մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.700 ԱՄՆ դոլար (6,5 մլն դրամ), 500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար (6,1 մլն դրամ),  պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), 200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.500 ԱՄՆ դոլար (1,3 մլն դրամ): Բժշկական օգնության ուղղությամբ ծրագրերն են՝ աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորման վերկանգնման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5,4 մլն դրամ), աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ Արցախի եւ Հայաստանի դժվար հասանելի շրջաններում գտնվող տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ), կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1 մլն դրամ), 55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ): Վերականգնման, կահավորման ուղղությամբ ծրագրերն են՝ աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնման համար (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ), աջակցություն Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ հրետանակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ), աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար, որը 6 ամիս կտրամադրի անվճար հաց եւ կստեղծի նոր աշխատատեղեր ( «Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ): Մի շարք ծագրեր են նախատեսված նաև սննդի տրամադրման հետ կապված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր