00:00:00

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

00:12, 26 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախցիների վերադարձի գործընթացը բավական ակտիվ ընթանում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը նշեց, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի վերադարձել է Արցախ:
«Ստեփանակերտում ու շրջաններում են բնակվում նաև այն արցախցիները, որոնց բնակարանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում: Վերադարձողների առաջին կանգառը Ստեփանակերտն է, որտեղ կազմակերպվում է նրանց տեղափոխումն իրենց բնակավայրեր: Շրջանների հետ կապված, ով տրանսպորտի խնդիր ունի, դիմում է կառավարությանը և տեղափոխումը կազմակերպվում է»,-ասաց նախարարը: Դիտարկմանը, թե դժգոհություններ կան այն հարցի հետ կապված, որ բնակիչները գալիս են Ստեփանակերտ և այնտեղ նրանց դիմավորող չկա ու շատերը չգիտեն ինչ անեն, Ժիրայր Միրզոյանը պատասխանեց, որ արդեն պատասխանատու կա, ով մշտապես հերթապահում է Վերածննդի հրապարակում: «Եթե խոսքը կազմակերպված տեղափոխությունների մասին է, ապա միշտ դրանք համակարգված են եղել, սակայն շատերը իրենց նախաձեռնությունով են գալիս, այդ դեպքում մենք շատերի վերադարձի մասին չենք իմանում: Եթե նախապես տեղեկացնեն, ապա, բնականաբար, կդիմավորենք: Բայց նորից եմ ասում, արդեն մշտական պատասխանատու կա Վերածննդի հրապարակում»,-ասաց նախարարը: Արցախ վերադարձած արցախցիները, որոնց տները պահպանվել են, գնում են իրենց տներ: Նրանք, որոնց տները վերանորոգման կարիք ունեն, պետք է դիմեն Քաղաքաշինության նախարարությանը: Գերատեսչությունն անհրաժեշտ հարցերով աջակցում է: Այն ընտանիքները, որոնց տները չեն պահպանվել կամ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Դրանք՝ հյուրանոցներն են, որոնց  90 տոկոսն արդեն լրացված է, հարմարեցված տարածքները, հանրային շենքերը: Բավական մեծ քանակով ընտանիքներ են տեղավորվել գյուղերի այն տներում, որոնք նախկինում ազատ են եղել: Արցախի կառավարությունը սկսել է վարձակալության սկզբունքում տներ տրամադրել բնակարանները կորցրածներին: Քարվաճառի և մյուս տարածքների բնակիչները, որոնք հրադադարից հետո են կորցրել իրենց բնակարանները, պետք է դիմեն տարածքային մարմիններին, որոնք հաշվառում են կատարում և փորձում են ժամանակավոր կացարաններ տրամադրել: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Արցախում մեծ ծավալի բնակարանաշինության ծրագիր է մեկնարկելու: Նախարարը վստահեցրեց, որ Արցախ վերադարձածներին տրամադրվում են նաև առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներ, մասնավորապես՝ մահճակալներ, ջեռուցիչ սարքեր, վերմակներ և այլն: Ներկայում խնդիրներից մեկն այն է, որ դեռ ամբողջ ծավալով չեն գործում էլեկտրամատակարարման, գազամատակարարման համակարգերը, որովհետև դեռ ամբողջությամբ վերականգնված չեն: Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ այդ ուղղությամբ ևս աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են, համակարգերը վերականգնվելուց հետո այդ տեսանկյունից հարմարավետության խնդիր չի լինելու: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ խանութներում ապրանքների պակաս կա, նախարարը նշեց, որ դա եղել է, այս պահին էլ կա, սակայն արդեն անհանգստացնող չափերի չէ: Խանութների աշխատանքը, ապրանքների տեղափոխման գործընթացը քիչ-քիչ հունի մեջ է ընկնում: Անդրադառնալով առաջիկայում արցախցիների վերադարձին՝ նախարարը նշեց, որ այդ գործընթացը պետք է համաձայնեցված լինի տեղական իշխանությունների հետ, որովհետև միանգամից չեն կարողանալու բոլորին բնակարանով կամ կացարանով ապահովել: Դրա համար կարևոր է, որ վերականգնման աշխատանքներին զուգահեռ այդ գործընթացը կատարվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր