00:00:00

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին

03:17, 21 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Ողջունելով հյուրին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի առաքելության ունեցած կարեւոր դերակատարության համար՝ ընդգծելով, որ նաեւ Կարմիր խաչի ջանքերը հնարավորություն են ստեղծել պատերազմական գործողությունների դադարից հետո սկսել հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման եւ անհայտ կորածների որոնման գործընթացը: Նախագահի խոսքով՝ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի ուշադրության ներքո է նաեւ ռազմագերիների փոխանակման խնդիրը: Նա հորդորել է այդ ուղղությամբ եւս շարունակել ջանքերի գործադրումը: Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ Հանրապետության իշխանությունները պատրաստ են ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու կազմակերպությանը՝ սկսված ծրագրերի ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար՝ Պասկալ Հունտը նշել է, որ շահագրգիռ կողմերի եւ մարմինների հետ փոխգործակցությամբ Կարմիր Խաչը առավելագույն ջանքերով շարունակում է իր գործառույթների իրականացումը՝ նախագահին ներկայացնելով հիմնական արդյունքները: Նրա տեղեկացմամբ՝ հումանիտար առաքելության շրջանակում կազմակերպությունը նաեւ քաղաքացիական բնակչությանը տրամադրում է դեղորայք, պարենամթերք եւ հիգիենայի պարագաներ, ինչը կրելու է շարունակական բնույթ: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ եւս:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր