00:00:00

Հյուրանոցներում ապրող արցախցիների կոմունալ վճարներն իր վրա կվերցնի պետությունը. Միքայել Վիրաբյան

17:49, 13 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հայաստանում գործում է կարգ, որ Արցախից ժամանակավոր տեղափոխված քաղաքացիների կեցության խնդիրները բավարարվում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը: «Նախարարությունն ունի թեժ գիծ՝ 114, եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Հրաչյա ներսիսյան 16/1 հասցեում գործող կենտրոնի միջոցով: Բնականաբար երկկողմանի խնդիրներ կան: Մասնավորապես ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ չառաջնորդվել այն սկզբունքով, որ պետք է պարտադիր տեղավորվեն միայն Երեւան քաղաքում»,-ասաց նա: Վիրաբյանի խոսքով, արցախցիները տեղավորվել են եւ հյուրանոցներում, հյուրատներում, նաեւ կան նրանց հյուրընկալած քաղաքացիներ. «Ամեն դեպքում այս պահին փողոցում հայտնված քաղաքացի չունենք: Ունենք այս հարցում համակարգման խնդիրներ՝ տեղաբաշխում, վերատեղաբաշխում, որոնք ժամանակի մեջ լուծվում են ըստ առաջնահերթությունների: Տեղեկացված եմ, որ հյուրանոցներում բնակվող արցախցիների կոմունալների վճարումները պետությունը կվերցնի իր վրա, իսկ հյուրընկալած քաղաքացիների մասով կարծում եմ՝ շուտով կլինի կառավարության որոշում»: Հարցին, թե ինչպես է լուծվելու Արցախի այն քաղաքացիների կեցության հարցը, որոնց տները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, Վիրաբյանը պատասխանեց. «Առաջանահերթ կարգով նրանց բնակարանային խնդիրները պետք է լուծվեն Արցախի տարածքում, որից հետո արդեն անհատական դիմումները կփորձենք հասկանալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր