00:00:00

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ ուղղաթիռի խոցումը. համոզված ենք՝ սա կստանա համարժեք արձագանք. ՀՀ ԱԳՆ

04:21, 10 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, «Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին: Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից, ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը: Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»: Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի  աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր