00:00:00

Հովհաննեսը հայրենասիրական ոգի ուներ, հաճախ էր արտասանում Պ. Սևակի՝ «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի» տողերը. զոհված զինծառայողի ուսուցչուհի

18:20, 10 հոկտեմբեր 2020

Սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական հարձակումների պատճառով նահատակված զինծառայողներից է նաև Սիսիան քաղաքի բնակիչ, 1995 թվականին ծնված ավագ լեյտենանտ Հովհաննես Կառլենի Գրիգորյանը: Հովհաննես Գրիգորյանը բարձր առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի ավագ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ինստիտուտին զուգահեռ վերապատրաստվել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել ԼՂ ՊԲ զորամասում ՝որպես ռադիոդասակի հրամանատար, արժանացել է հրամանատարության կողմից մի շարք գնահատանքների: Tert.am-ի հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նառա Հովհաննիսյանը հիացմունքով է հիշում իր աշակերտին, նշում է՝ Հովհաննեսը դեռ փոքր տարիքից Սիսիանում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավոր էր: «Նա դաստիարակված, շիտակ ու զուսպ տղա էր, բոլոր դրական հատկանիշներն ամբողջացած էին իր մեջ: Թեև արտաքինով նուրբ էր, սակայն մեծ հայրենասիրական ոգի ուներ, շատ էր սիրում երգել՝«Գինի լից» երգը: Շատ սիրում էր Պարույր Սևակի «Մի պահ զղջում եմ» բանաստեղծության առաջին երկու տողերը արտասանել՝ «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի»: Միշտ նշում էր, որ անհրաժեշտ է՝ Հայաստանում ծրագրավորողներ շատ լինեն, որպեսզի զենք ստեղծենք և հույս չդնենք ուրիշ երկրների վրա»,- նշեց Նառա Հովհաննիսյանը: «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Բելլա Թամրազովան նշում է, որ Հովհաննեսը տան փոքրն էր, իրենից մեծ երկու քույր ուներ. «Բազմակողմանի զարգացած էր, ոչ միայն հիանալի տիրապետում էր «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներին, այլև գերազանց գիտեր «Հայոց պատմություն» առարկան, շատ մրցույթներից է մասնակցել, այդ թվում՝ «Հայ ասպետ» հաղորդաշարին, միշտ լավ հաջողություններ էր գրանցում: Վերջին անգամ հունիսին եմ խոսել, գոհ էր իր աշխատանքից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր