ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է`
- Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից եւ այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու,
- Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
- Սննդամթերքը պահածոյացնել սառեցման, չորացման կամ աղադրման եղանակով,
- Չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
- Թունավորմանը բնորոշ առաջին իսկ ախտանիշներն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
Տեսչական մարմինը նշում է, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական եւ վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Բոտուլոթույնով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը: Հիվանդության ախտանիշերն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչեւ 10 օրվա ընթացքում: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչեւ 12 օր է:
Կլինիկական հիմնական ախտանիշերն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը եւ փորկապությունը, գլխապտույտը, տեսողության խանգարումը, երկտեսությունը, կոպի իջեցումը (պտոզ), բբերի լայնացումը (միդրիազ), կլման ակտի խանգարումը, ռնգախոսությունը, խոսքի խանգարումը, բերանի չորությունը, սրտի աշխատանքի դանդաղումը, շնչառության խանգարումը, անգամ հավասարակողմ կաթվածը: